Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական զինված ծառայողները նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ: Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,- ասված է գրառման մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հայ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:
«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,- գրել է նա։
***
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։ Նրանից երկուսի վիճակը ծանր էր: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել․ «Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։