Ամբողջ Հաղպատն իմացել է, որ որդիս զոհվել է, բացի մեզնից․ Ռազմիկ Թանդիլյանի պատմությունը

Զոհված մարտիկ Ռազմիկ Թանդիլյանը

Հաղպատցի 85-ամյա Ռազմիկ Թանդիլյանը պատերազմում զոհված 19-ամյա թոռան՝ Ռազմիկի անունը տալիս երեխայի պես հեկեկում է: Պապը հիշում է, որ Ռազմիկը բանակ գնալիս տնեցիներին «թամբահ» է արել (պատվիրել է), թե պապիս լավ կպահեք, որ գամ տեսնեմ իր տեղում նստած է: Պապն էլ թոռանն է թամբահ արել, թե «տղամարդը չոլումը (վայրի տեղանքում) ղոչաղ կլինի»: «Ամեն հետս խոսելիս, Ռազմիկս ասում էր, պապ, անում եմ քո ասածը: Էսքանից հետո գոնե հաղթել էին էդ շան տղերանցը»,- ողբալով ասում է Ռազմիկի պապը: Հարազատների պատմելով՝ վերջին անգամ հեռախոսով խոսելիս անհանգիստ պապը զգուշացրել է. «Ռազմիկ ջան, քեզ լավ պահի»: Ռազմիկն էլ հարցրել է. «Պապի ջան, կարգախոսդ հո չե՞ս փոխել»:

Ռազմիկ Թանդիլյանը

Հոր՝ Կարեն Թանդիլյանի խոսքով թշնամու դեմ կռիվը Ռազմիկի և ընկերների մոտ շատ լավ է ստացվել: Այսուհանդերձ Ռազմիկը հորը ակնարկել է թշնամու բանակի նկատմամբ հայոց բանակի վատ սպառազինության մասին: Ռազմիկը հորը հեռախոսով բացատրել է, թե օդից իրենց նեղեն՝ նեղեն,թե չէ այլ կերպ իրեն ու ընկերներին նեղել չեն կարող: «Այդպես էլ եղել է, օդից են սպանել Ռազմիկիս»,- ասում է Կարեն Թանդիլյանը:

Կարեն Թանդիլյանը

Զինծառայության մեկնելիս Ռազմիկը 18 տարեկան էր: Կարենի խոսքով՝ որդին աչքաբաց տղա էր: Մինչ ծառայության մեկնելը Պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր: Հարազատների պատմելով՝ թեև Ռազմիկը սրտի խնդիր է ունեցել, զինվորական գլխավոր բժշկական հանձնաժողովը նրան 2020-ի հունվարի 13-ի հետազոտությունից հետո բարի ծառայություն է մաղթել: Ռազմիկը բարձր տրամադրությամբ է վերադարձել տուն՝ զինծառայության պիտանի լինելու համար: Հորը համոզելուց հետո զինկոմիսարիատ են դիմել, և Ռազմիկը ծառայության է մեկնել բժշկական գլխավոր հանձնաժղովի մաղթանքից երկու օր հետո՝ հունվարի 15-ին: «Շուտ գնամ ծառայեմ, շուտ վերադառնամ»,- ասելէ նա:

Ռազմիկի մանկության ընկերը՝ Յուրին, այդ ժամանակ Հադրութում էր ծառայում: Ռազմիկը ուզում էր Յուրիի զորամասում ծառայել: Յուրին Ռազմիկից վեց ամիս շուտ է ծառայության մեկնել: Ռազմիկը գլխավոր զորակայանի վիճակահանությանը հանել է Հադրութի 1-ին պաշտպանական զորամասը: Դա նրա ուզած զորամասն էր: Բանակային ընկերները Ռազմիկի ծնողներին պատմել են, որ զինվորական համազգեստը հագնելուց հետո նա շատ բարձր տրամադրություն է ունեցել: Ռազմիկը գնդացրորդ է եղել, կրակելիս է զոհվել: «Իմ որդու մասին կարող եմ ասել, որ նա ամեն ինչով օժտված մարդ էր»,- ասում է Կարեն Թանդիլյանը: Ռազմիկի 19-ամյակը հուլիսի 6-ին զորամասում է լրացել: Երեկոյան անվանականչին զորամասի հրամանատարը Ռազմիկին շարքից դուրս է կանչել, վզից հանել իր խաչը և ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել է նրան: Մի օր հերթափոխը ավարտելուց հետո դիրքերի լվացարանում Ռազմիկը մոռացել է հրամանատարի նվիրած խաչը: Հետ է վերադարձել, խաչը տեղում չի եղել: Ռազմիկը շատ է փնտրել խաչը: Չի գտել: Հարազատները պատմում են, որ հավանաբար Ռազմիկի ծառայակից ընկերներից մեկը, որը լվացարանից վերցրել է խաչը, չի տվել ընկերոջը, զորացրվելուց հետո այն դրել է Ռազմիկի գերեզմանի վրա: Հեռախոսով խոսելիս պատերազմի թեժ պահին հորեղբայրը Ռազմիկին խորհուրդ է տվել, թե Ռազմիկ, թաքնվելու կամ փախչելու տեղ չկա՞: Ռազմիկն ասել է՝ ես էդ տղե՞ն եմ, բա իմ ընկերնե՞րը: Հորեղբայրը Ռազմիկին բացատրել է, թե հիմա լավ տղի վախտ չի, թեժ կռիվ է: Ռազմիկս պատասխանել է, թե՝ բիձ, բա որ ես փախչեմ, ով թուրքի մերը էնենց կանի… «Հայհոյել էր, նա իր կյանքում հայհոյած չկար, պատերազմի դաշտում տղամարդ դարձած երեխաս թշնամուն հայհոյել էր,- պատմում է Կարենը: Եղբայրը՝ Ռաֆիկը հոկտեմբերի 7-ին Ռազմիկի հետ վերջին անգամ խոսելիս հարցրել է, թե թուրքերին տեսնում է՞:

Ռազմիկի դասվարը և հորաքույրը

Ռազմիկը պատասխանել է՝թե ոնց չի տեսնում, ընկերների հետ կանգնած թուրքերին պառկեցնում են: «Պառկածներին տանելու եկածներին էլ ենք պառկացնում»,- ասել է առաջնագծում կռվող Ռազմիկը: Հոկտեմբերի 7-ին Ռազմիկի՝ մոր հետ վերջին խոսակցությունն է եղել:

«Զանգեց հեռախոսիս, զիլ և ուրախ ձայնով էր խոսում: Ասավ՝ լավ եմ, մամ ջան: Ռազմիկը գիտեր, որ ես ռադիո շատ եմ լսում: Ասավ՝մամ ջան, ինչ են ասում ռադիոյով»: Ալիսան պատմեց, որ պատերազմի օրերին ամուսնու՝Կարենի հետ Հաղպատի և Ծաղկաշատի Աջիր սարում են եղել: «Երկու տղատեր էինք, հարսանիքի փող էինք հավաքում, մեծ տղայիս համար ավտոմեքենա էինք առել, սպասում էինք Ռազմիկս ծառայությունից վերադառնա, իր համար էլ առնենք»,- պատմում է Ալիսան: Պատերազմն սկսվելու օրվանից Ալիսան սարում ռադիոն անջատել էր, ասում էր՝ վախենում էր իրականությունից, փախչում էր, չէր ուզում պատերազմից ոչինչ լսել: Հետո Ռազմիկի դասընկերը Ալիսային բացատրել էր, որ Ռազմիկենց դասակը, երբ «տրիվոգով» բարձրացել է դիրքեր, զորամասի դիրքը թշնամին գրաված է եղել: Կռվով հետ են վերցրել: Ռազմիկը մորից ուզել է իմանալ ռադիոյով այդ մասին հայտնել են, թե ոչ:

Մոր պատմելով՝ Ռազմիկը զորամասից և պատերազմի դաշտից, եթե երկու օր չէր զանգում, 3-րդ օրը անպայման զանգում էր: Հոկտեմբերի 8-ին հարազատներից ոչ մեկին նա չի զանգել: Հոկտեմբերի 9-ին մայրը ավելի անանգիստ է սպասել որդու զանգին: «Հոկտեմբերի 10-ին ամբողջ Հաղպատն իմացել է, որ որդիս զոհվել է, բացի մեզնից»,- պատմում է Ալիսան: Վերջինս թեև սպասել է որդու զանգին, բայց ներքին վախ ու ցավ է ապրել: «Չէի կարողանում անգամ քայլել: Ալիսայի խոսքով՝ որդին հավասարակշռված և զուսպ մարդ էր: Մայրը հետո է հասկացել, որ Ռազմիկը զինծառայության մեկնելուց առաջ լուրջ սիրահարված է եղել: Նա իր սիրո մասին երկու տասնյակից ավելի բանաստեղծություններ ունի գրած: Մի օր պատահաբար մայրը Ռազմիկի իրերի մեջ նկատել է նրա բանաստեղծությունների տետրը: Սեղանի մոտ կանգնած բանաստեղծությունները կարդալիս Ռազմիկը տուն է մտել: «Եկավ իր մեծ թաթով ձեռքս բռնեց, բանաստեղծությունների տետրը փակեց և ասավ՝ չի կարելի կարդալ այս տետրը»,- հիշում է Ալիսան:

Ալիսա Մաթոսյանը

Ծառայության մեկնելիս, Ռազմիկը այդ տետրը ի պահ է տվել հորաքրոջ տղային՝ Արամին: Ռազմիկի զոհվելուց հետո Արամը տետրը հանձնել է մորը: Ալիսան իմ առաջ դրեց որդու բանաստեղծությունների տետրը, որոնք 17-ամա պատունու սիրո թոթովանքներ էին:

Ինձնից չի մնա ոչինչ, մի օր կմեռնեմ, լուռ կհեռանամ,

Քո սիրո ծովում մի կաթիլ սիրո կարոտ կմնամ,

Ես շուտ կգնամ, լուռ կհեռանամ,

իսկ դու կմնաս այս փուչ աշխարհում,

Որ ոչ տվել է, ոչ կտա ոչինչ:

Միգուցե տանջվես, միգուցե լացես, չապրես առանց ինձ,

Բայց արդեն ուշ է, քո մեռած սերը փշրեց ամեն ինչ:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել