Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է ռուսական դպրոցների բացմամբ. Լավրով

Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտասահմանում բնակվող Հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ ռուսական դպրոցները բացվեն Ռուսաստանի բոլոր դաշնակից երկրներում։

«Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում հայկական նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ դա մոդելային նախագիծ դառնա բոլոր դաշնակիցների և ռազմավարական գործընկերների համար: «ԱՊՀ երկրներում ռուսական բուհերի մասնաճյուղերի համակարգը ևս բավական կայուն է, ընդլայնման և զարգացման միտում ունի»,- ասել է նախարարը:

Համաձայն 1993 թ. ընդունված «Լեզվի մասին օրենքի»՝ ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Ռուսաց լեզուն միջնակարդ դպրոցներում դասավանդվում է 2-րդ դասարանից։

Հայաստանի ներկայիս իշխանության վառ ներկայացուցիչները նախկինում բազմիցս դեմ են արտահայտվել օտարալեզու դպրոցների հիմնադրանը: Օրինակ՝ նախկին ԿԳՄՍ նախարար, կառավարության աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունը եղել է 2010-ին գործող «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հիմնադիրներից մեկը:

Լիա Ավագյան

Մեկնաբանել