Պուտինը երկրորդ անգամ Ղարաբաղի տարածքը նշել է որպես Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթում խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ ականազերծում է իրականացվում «և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»։

«Մեր երկրի ակտիվ աջակցության շնորհիվ կանֆլիկտը հնարավոր եղավ կանգնեցնել, և ռուսական խաղաղապահ զորախումբը որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր է հանդես գալիս։ Մեր օժանդակությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամեն օր տեղեկագրեր է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։

Պուտինի հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայված է ոչ թե Հայաստանի, այլ Արցախի տարածքում, և տվյալ ականազերծումն իրականացվում է Արցախի տարածքում։

Ռուսաստանի ղեկավարը նմանատիպ հայտարարություն էր արել նաև սեպտեմբերի 29-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների մեկնարկին․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (ռուս-թուրքական – խմբ.) ակտիվ գործունեություն է ծավալում»,- Աղդամում տեղակայված կենտրոնի մասին խոսելիս ասել էր Վլադիմիր Պուտինը։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել