Խաղաղության պայմանագրի նպատակով կարևորում ենք Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերականգնումը․ Նիկոլ Փաշինյան

Էլմիր Աբասովին հեռացնում են ոստիկանները։ Լուսանկարը՝ Փարվանա Գուրբանլիի:

«Հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ: Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով, սակայն, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը:

«Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին: Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին»,- ասել է Հայաստանի ղեկավարը։

Վարչապետը ընդգծել է, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց․ «Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն»։ Այս համատեքստում, Փաշինյանը հավաստիացրել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։

«Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել