Ադրբեջանը կրակ է բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

***

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։ Նրանից երկուսի վիճակը ծանր էր: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել․ «Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանցիները կրակել էին Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։