Դե յուրե գոյություն ունեցող, դե ֆակտո անտեսվող հակահամաճարակային կանոնները

24 տարբեր վայրերի համար Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են սանիտարական, հակահամաճարակային կանոններ։ ՍիվիլՆեթը հիշեցնում է անտեսված ու մոռացված կանոնները, որոնց չպահպանելու դեպքում COVID-19-ով վարակվելու (և վարակելու) ռիսկը մեծանում է և կարող է տուգանքի առիթ դառնալ։

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է

Անկախ պատվաստումից, վիրուսը հաղթահարելուց և թեստի բացասական պատասխանից՝ փակ տարածքներում, այդ թվում հանրային տրանսպորտում դիմակ պարտադիր պետք է կրել և 3-4 ժամը մեկ փոխել։ Դիմակը պետք է ծածկի քիթը և բերանը։ Դիմակ պետք չէ կրել միայն բնակության սեփական վայրում և անձնական ավտոմեքենայում։ Անկախ վայրից՝ դիմակ կարող են չկրել միայն հետևյալ անձինք․

  • 0-5 տարեկան երեխաները։
  • ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները, բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի։
  • Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանիչները և հեռուստահաղորդավարները՝ տաղավարում միայնակ գտնվելիս։
  • Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողները, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը, և նրանց հետ աշխատողներըԼ
  • Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցողները։
  • Կոգնիտիվ խանգարումներ ունեցողները։
  • դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկվածները
  • Ծխելու, խմելու և սնվելու ժամանակ։
  • Առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերում։

Ալկոգելը տեղ-տեղ մոռանում են, բայց պետք է

Գրասենյակներում, սննդի օբյեկտներում, հանրային տրանսպորտում, խանութներում և հանրային այլ վայրերում պետք է տեղադրված լինեն ձեռքերի ախտահանման համար սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ։ Նախարարի հրամանում նաև հստակեցված է, թե որ կառույցում որտեղ պետք է դրանք տեղադրվեն։ Օրինակ, առևտրի օբյեկտներում մուտքի, վճարման տաղավարի մոտ։ Սննդի օբյեկտներում՝ նաև յուրաքանչյուր սեղանի մոտ։

Սոցիալական հեռավորությունը 1,5 մետր է

1,5 մետրը Հայաստանում սահմանված սոցիալական հեռավորությունն է։ Այն պետք է պահպանվի գրասենյակներում նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև։ Նույն հեռավորությունը պահպանող գծանշումներ պետք է լինեն վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ, սննդի օբյեկտներում՝ հարևան սեղանների միջև, մարզասրահներում՝ մարզասարքերի։

Իսկ խանութներում վճարման տաղավարների, անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից 1 մետր հեռավորությամբ գծանշումներ պետք է լինեն։ Այստեղ կուտակումների դեպքում պետք է սահմանափակել մարդկանց մուտքը փակ տարածք։

Գործում է որոշակի մակերեսով տարածքներում մարդկանց թվաքանակի սահմանաչափ։ Օրինակ, հանրային իշխանության մարմիններում՝ մինչև 20 քմ մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում միաժամանակ առավելագույնը երկու այցելու պետք է լինի։

Հայաստանի հանրային տրանսպորտի համար չեն կարգավորումները

Հայաստանի մի շարք բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում առողջապահության նախարարի հրամանի որոշ կարգավորումներ օբյեկտիվորեն անհնար է պահպանել առկա տրանսպորտային ենթակառուցվածքի և չվացուցակների պայմաններում։ Օրինակ, տրանսպորտային միջոցում արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը․ ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակը:

Սակայն, չեն պահպանվում նաև այն կարգավորումները, որոնք հնարավոր է պահպանել։ Թե՛ վարորդները, թե՛ ուղևորները պետք է կրեն դիմակ։ Տրանսպորտում պետք է լինի ախտահանող միջոց, տրանսպորտային միջոց բարձրանալիս ուղևորները պետք է պարտադիր ախտահանեն ձեռքերը։ Նաև պետք է լինի վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ դրամի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել վագոնի համար նախատեսված նստատեղերի քանակը:

Ախտահանում օրական առնվազն երկու անգամ

Օրական երկու անգամ տարածքը և հաճախ շփվող մակերեսների ախտահանումը պարտադիր է։ Օրինակ, մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո պետք է ախտահանվեն գրասենյակները՝ դռների բռնակները, սեղանները, ընդհանուր օգտագործման պարագաները։ Նաև ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն։ Սա պետք է արվի 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։

Տրանսպորտային միջոցի դեպքում ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Գեղեցկության սրահներում յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում։

Առևտրային օբյեկտներում դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները, պարենային խանութների սառնարանները և դրանց բռնակները, սայլակները, զամբյուղները, վճարման տաղավարները, հաճախորդների շփման այլ հավանական վայրերը պետք է ախտահանվեն երկու ժամը մեկ պարբերականությամբ: Իսկ մարզասրահներում մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը։

Հակահամաճարակային այս կանոններին հետևելու վերահսկման պարտականությունը Առողջապահութան և աշխատանքի տեսչական մարմնինն է։ Խախտումներ գտնելու դեպքում տեսչական մարմինը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին և կազմակերպություններին։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել