Երեք տարի անց՝ արժեքների լիակատար դեգրադացիա

Protest women

Վերևում մի լուսանկար է 2018-ի Թավշյա հեղափոխության օրերից։ Երիտասարդ աղջիկներն առաջին շարքերում են։ Նրանք վստահ էին, որ ամեն ինչից զատ՝ դուրս են եկել փողոց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, հավասար աշխատավարձի ու հավասար ամեն ինչի համար։ Նրանք փոփոխության շարժիչներն էին։ Երեք տարի անց Հայաստանի հետհեղափոխական կառավարության կազմում ընդամենը մեկ կին անդամ կա, խորհրդարանի նախագահությունում չկա և ոչ մի կին։ Ու սա «տեխնիկական խնդիր» չէ․ սա արժեքային, աշխարհայացքային հարց է, որ ցավոք միայն այս դրվագով չի սահմանափակվում։

Երեք տարի անց, պարզվում է, մենք շատ հեռացել ենք այն արժեքներից, որոնք փոփոխության տաք քամիներ էին բերել մեզ։

Պարզվում է` Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը գործարար չեն, ինչպես որ գործարար չէին Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը և նախորդ իշխանության մյուս կարկառունները։

Պարզվում է, որ այդքան բարձրաձայնված դատական բարեփոխումները մեզ առանձնապես պետք չեն, ու շատ նորմալ է, երբ Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդարադատության երբեմնի բռնաբար Գագիկ Ջհանգիրյանը, որը մի «գոմ է վարձով տվել ինչ-որ դեսպանության»։ Հայաստանի հպարտ քաղաքացիները, ցավոք, չունեն նման գոմեր։

Պարզվում է, որ Սերժի նկարը կարելի էր դուրս նետել ոստիկանական բաժանմունքներից և արգելել կաբինետներում, բայց հիմա արդեն միանգամայն ողջունելի է մեծն առաջնորդի նկարը բոլշևիկ հեղափոխականների գլխավերևում, որ նայեն ու հիշեն ազնվության տիպարին։ Արդարադատության նախարարի արդարադատության ինչպիսի՜ թիռչք։ Ու սրա դեմ չկա պատվաստում։ Այն արդեն մետաստազներ է տվել պետական ամբողջ համակարգում։

Պարզվում է, որ նախկինում կոռուպցիա էր, երբ պետական գնումների մրցույթներում հաղթում էին պաշտոնյաների մերձավորների ընկերությունները, իսկ հիմա դա արդար մրցույթի արդյունք է։ Ամենայն հայոց օրենսդիր Ալեն Սիմոնյանն ու նրա մերձավորները ոչ մի կապ չունեն դրա հետ։ Իսկ իշխանության ներսում կատարյալ ներդաշնակություն է․ փոխվարչապետ Պապիկյանը գործադիրի իր բարձունքներից կոռուպցիոն ռիսկ չի տեսնում դրանում։

Պարզվում է, որ Բադեն-Բադեն գնալ չի կարելի, դա նույնիսկ քրեորեն հետապնդելի է, իսկ ահա չորս հազար տղաների տարին դեռ չտված ու շատերին դեռ հողին չհանձնած կարելի է երկրի գլխավոր օրենսդիրով ու գլխավոր աներձագով «տժժալ» Միջերկրականի տաք ջրերում։ Դա բարոյականության նոր չափորոշիչն է հետհեղափոխական Հայաստանում։

Պարզվում է, որ կարելի է զոռբայությամբ տիրանալ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության բաժնետոմսերին ու դա ներկայացնել որպես դրական նվաճում։ Հպարտ քաղաքացիներին խոստացված թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այլևս արդիական չեն։

Պարզվում է, որ պատգամավորներին կարելի է սեփական աշխատավարձը սեփական նախաձեռնությամբ ավելացնել որպես ներկայացուցչական ծախս ու դրա համար չունենալ գեթ մեկ դեպք այն մասին, թե ինչպես ծախսվեցին այդ գումարները։

Պարզվում է նաև, որ հայոց օրենսդիրներն իրենց մսխած անկախությունը լրացուցիչ պարգևավճարով պետք է շնորհավորեն։ Սա բարոյականության նոր գագաթն է։

Այս ամենը, իհարկե, ոչինչ է պատմական չափման այն աղետի համեմատ, որ արտաքին քաղաքական ու անվտանգային հարցերում այսօրվա անձեռնհաս ղեկավարությունը բերեց հայոց պետականության գլխին։ Եվ հիմա շարունակում է մեղքի ամենօրյա էքստերնալիզացիան։

Ինչևէ։ Արժեքների դեգրադացիայի շարքը շարունակեք ինքներդ։