Ադրբեջանը ռազմավարի պուրակից հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները

Baku-millitary-trophy-park-removed-15-10-21-1024x683 Բաքվի ռազմավարի պուրակը սաղավարտները հեռացնելուց առաջ և հետո, լուսանկարները՝ President.az–ի և Mikroskop Media-ի

Անի Ավետիսյան, OC Media

Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի ներկայացրած բողոքից հետո Ադրբեջանը Բաքվի ռազմավարի պուրակից հեռացրել է հայ զինվորներին պատկերող մանեկեններն ու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ առգրավված զինվորական սաղավարտները։

Այս մասին հինգշաբթի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է ընդգծել, քանի որ այն իրականում արվել է [դատարան – խմբ․] Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո»,– ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է պահանջել, որպեսզի պուրակն ամբողջովին փակվի:

Ուրբաթ [ադրբեջանական] Mikroskop Media–ն հաստատել է, որ սաղավարտներն ու մանեկենները հանված են պուրակից: Վկայակոչելով պուրակի աշխատակիցներին՝ աղբյուրը նշել է, որ մանեկեններն ու սաղավարտներն ուղարկվել են վերանորոգման, սակայն պարզ չէ, թե դրանք երբ կվերադարձվեն:

Ռազմավարի պուրակը բացվել է ապրիլին, իսկ դրա շինարարությունն սկսելու կարգադրությունն Ալիևը տվել էր հունվարին: «Բոլոր նրանք, ովքեր այցելում են ռազմավարի պուրակ, կտեսնեն մեր բանակի ուժը, կտեսնեն մեր կամքի ուժը և այն, թե որքան դժվար էր հասնել հաղթանակին»,– պուրակի հանդիսավոր բացմանը հայտարարել էր Ալիևը: Ռազմավարի պուրակում ներկայացված է պատերազմի ժամանակ առգրավված հայկական ռազմական տեխնիկա, ինչպես նաև տեսարաններ, որոնք ենթադրաբար ներկայացնում են հայկական մարտական հենակետերը:

Ռազմավարի պուրակի բացումը սուր քննադատության արժանացավ․ հայերին այդ կերպ ներկայացնելը համարվեց ռասիստական, նաև անզգայունության դրսևորում, քանզի հնարավոր է, որ սաղավարտները վերցվել էին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից։

Լսումներ՝ Արդարադատության միջազգային դատարանում

Հինգշաբթի Արդարադատության միջազգային դատարանն սկսեց Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած բողոքի լսումները։ Հայաստանը ներկայացրած հայցով Ադրբեջանին մեղադրում է տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ էթնիկ խտրականություն, այդ թվում՝ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։

Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառվի մինչև վերջնական դատավճռի կայացումը:

Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի ներկայացրած մեղադրանքները: Երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, որը դատական լսումներին մասնակցում էր տեսազանգի միջոցով, հայտարարել է, որ հենց Հայաստանն է «տասնամյակներ շարունակ էթնիկ զտումներ» իրականացրել: Մամեդովը նաև ասել է, որ Հայաստանի գանգատը «թերի է և պետք է մերժվի»:

Լսումների ընթացքում Հայաստանի փաստաբանական խումբը պնդում էր, որ Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, սակայն դեռ չի կատարում իր պարտավորությունը։

Արձագանքելով հայկական կողմի պնդումներին՝ Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը հայտարարեց․ «Ադրբեջանը, անշուշտ, չի ընդունում, որ իրավական պարտավորություն ունի «անհապաղ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին… և կալանքի տակ գտնվող այլ ձերբակալվածներին․․․ պատանդներ չկան»:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կսկսվեն Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ հայցի դատական լսումները։

Հավելյալ տեղեկությունները տրամադրել է Mikroskop Media-ն։

Մեկնաբանել