Բաքվում «Նոր Ադրբեջան» կուսակցության կենտրոնակայանի մոտ ակտիվիստներ են ձերբակալվել

Elmir-Abbasov-arrested-15-10-21-1024x683 Էլմիր Աբասովին հեռացնում են ոստիկանները։ Լուսանկարը՝ Փարվանա Գուրբանլիի:

Իսմի Աղաև, Բաքու OC Media

Բաքվում հինգ ակտիվիստ է ձերբակալվել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կենտրոնակայանի առջև բողոքի ցույցի փորձից հետո:

Հոկտեմբերի 13-ի ցույցն Ադրբեջանում քաղաքական ձերբակալությունների դեմ էր, ցուցարարները վկայակոչում էին ակտիվիստ Անար Աբդուլայի ձերբակալությունը և քաղաքական ակտիվիստ Նիյամադին Ահմեդովի հացադուլը:

Նրանք նաև իրենց բողոքն էին հայտնում, որ մայիսի 28-ի Հանրապետության տոնը փոխարինվելու է Անկախության տոնով հոկտեմբերի 18-ին։

Ակտիվիստները մտավախություն ունեն, որ «Հանրապետություն» եզրույթի հեռացումը կարող է վկայել Ադրբեջանի սահմանադրության ժողովրդավարական ասպեկտը նվազեցնելու իշխանությունների ցանկության մասին:

Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներ Ռուստամ Իսմայիլբեյլիին, Էլմիր Աբասովին, Ահմադ Մամեդլիին, Սամիր Ախունդզադեին, Ալի Մահմուդլուին և Ֆարիդ Իմանովին անմիջապես ցույցը սկսվելուն պես:

Ձերբակալվելիս ակտիվիստները բղավում էին՝ «երկար կյանք հանրապետությանը»։

ՆԳՆ խոսնակ Էլշադ Հաջիևը OC Media-ին հայտնել է, որ Էլմիր Աբասովի նկատմամբ արձանագրություն է կազմվել ոստիկանությանը չենթարկվելու համար:

«Մյուս ձերբակալվածներն ազատ են արձակվել նախնական զրույցից հետո»,- ասել է նա:

Աբասովի փաստաբան Էլչին Սադիգովը OC Media-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը դատապարտվել է 30 օրվա ազատազրկման:

«Էլմիր Աբասովը հայտարարել է, որ օգտվել է հավաքների ազատության իր սահմանադրական իրավունքից և դատավճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում»,- ասել է Սադիգովը:

Ռուստամ Իսմայիլբեյլին, որն այդ երեկո ազատ արձակված ցուցարարներից մեկն էր, Ֆեյսբուքում գրել է, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել իր նկատմամբ:

«Այս պահին ես շատ հոգնած եմ և դեռ շատ ցավեր ունեմ ծեծի պատճառով, որին ենթարկվել եմ ոստիկանական բաժանմունքում ձերբակալության ժամանակ»,- գրել է նա:

Մեկնաբանել