Ուսուցիչների պարտադիր պատվաստման պահանջը մեծ հարված կարող է հասցնել կրթությանը․ Արամ Փախչանյան

The new school year has started on the Knowledge Day, 1 of September, in Yerevan

«Կրթության տապան» հեղինակային հերթական հաղորդմանը «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն անդրադառնում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման թեմային։ Այդ պարտադրանըք, ըստ նրա, ծանր բեռ է դարձել կրթական համակարգի համար, որը համաճարակի հետևանքով արդեն իսկ բազում խնդիրներ ունի։ Այն հարուցել է բացահայտ և ոչ բացահայտ հակազդեցություն, ինչից կարելի էր խուսափել։

Պարտադիր պատվաստումը վերաբերում է տարատեսակ հիմնարկների, սակայն այսօր իմ կենտրոնացումը կրթական հաստատությունների վրա կլինի, որովհետև դրանց վերաբերյալ այս խնդիրը հատուկ կարևորություն ու նշանակություն ունի։ Այս հարցի շուրջ երկու տարատեսակ տեսանկյունների մասին եմ ուզում խոսել․

1․ Ցավալի է, որ ուսուցիչները գիտնականներին վստահելու փոխարեն Ֆեյսբուքին են վստահում․

Ուսուցիչները, որոնք պիտի ներկայացնեն մեր հանրության ամենակրթված շերտը, պիտի հավատան գիտությանը, ավելին՝ իրենց գործն է դպրոցում գիտության արդյունքները աշակերտներին փոխանցելը։ Այդ ուսուցիչները, փոխանակ վստահեն գիտնականներին, վստահեն առողջապահությանը, վստահաում են Ֆեյսբուքին, տարատեսակ ստաբանությունների, բամբասանքների, մանիպուլյացիաների և հակադրվում են պատվաստմանը։ Իրականում, կորոնավիրուսի համաճարակը ամենամեծ վնասը, երևի թե, կրթությանն է հասցրել։ Այսօր իսկ ուսուցիչները դժվարություններ ունեն՝ կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումների հետ կապված, իսկ եթե պատկերացնենք, որ իրավիճակը կարող է վատթարանալ, և մենք նորից անցնենք առցանցի, հիշե՛ք, անցած տարվա դժվարությունները, տառապանքները և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների։

Մենք միշտ ակնկալում ենք, որ ուսուցիչները պետք է ձեռք բերեն հասարակության մեջ հեղինակություն, սակայն այսպիսի քայլերը, մոտեցումը չեն օգնում հեղինակության ձեռքբերմանը, հակառակը՝ խանգարում են դրան։ Ակնկալիքն այն է, որ ուսուցիչները, զգալով այս պատասխանատվությունը, պատասխանատու կերպով կվերանայեն իրենց մոտեցումները, և նրանցից շատ-շատերը կպատվաստվեն և օրինակ կծառայեն իրենց ընկերների, աշակերտների, ծնողների և ընդհանրապես հանրության համար։

2․ Առողջապահության նախարարության որոշումը փաստացի տուգանք է

Առողջապահության նախարարության որոշումը փաստացի տուգանք է, որը ամսական երկու անգամ կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք որոշել են չպատվաստվել: Այդ տուգանքը զարմանալիորեն գնում է ոչ թե պետությանը, այլ մասնավոր հիմնարկներին, լաբորատորիաներին։ Առողջապահության նախարարությունն ունի Քովիդ տարած բոլոր քաղաքացիների ցանկը։ Արդյոք դժվա՞ր է այդ ցանկից օգտվելով՝ պարտադիր պատվաստման պահանջից ազատել մարդկանց, որոնք վերջերս այդ հիվանդությունը տարել են։ Ռուսաստանը աշխարհում չի առանձնանում իր քաղաքացիների իրավունքները հարգելու չափանիշով, սակայն ընդունել է այդպիսի մոտեցում, և այն քաղաքացիները, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում տարել են հիվանդություն, ազատվում են պարտադիր պատվաստումից։

Նախարարի որոշումը նաև գործատուներին է ներառում՝ փաստացի նրանց դարձնելով գործիք՝ պարտադիր պատվաստումը ներդնելու իրենց որոշման համար։ Այդ որոշումով կազմակերպությունները դառնում են կրկնակի մեղավոր․ կա՛մ իրենք պետք է տուգանք վճարեն, կա՛մ պետք է խնդիրներ ունենան իրենց աշխատակիցների հետ, որոնք չեն ենթարկվում պարտադիր պատվաստման պահանջին։

Արդյոք առողջապահության նախարարը տեղյա՞կ է, որ երկրի շատ դպրոցներում մեծ քանակությամբ ուսուցիչների թափուր տեղեր կան, արդյոք տեղյա՞կ է, թե դպրոցների կողմից որքան ջանք է պահանջվում լավ ուսուցիչներին համակարգում պահելու համար։ Արդյոք գիտակցո՞ւմ է, որ նման քայլը կարող է մեծ հարված հասցնել կրթությանը, որն առանց այդ էլ տառապում է հիվանդությունից, տարիներով կուտակված խնդիրներից։

Երբ երկրում պատվաստավածների թիվը դեռ չնչին է, ինչպե՞ս կարելի է պահանջել կազմակերպություններից, որ շատ կարճ ժամանակում ապահովեն 100 տոկոսանոց պատվաստում։ Դարձյալ դառնանք Ռուսաստանի օրինակին․ այդ երկրի միայն հատուկենտ քաղաքներում պահանջը կազմում էր ընդամենը 60 տոկոս պատվաստում, ոչ թե 100 տոկոս։ Եվ դա այն պայմաններում, որ նրանց մոտ պատվաստավծների միջին քանակը ավելին է, քան Հայաստանում։ Զարմանալիորեն մեր իշխանությունները անտեսում են քարոզչության ուժը։

Ես առաջարկում եմ կրթության և առողջապահության նախարարություններին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի կրթության ոլորտի աշխատակիցները գիտակցաբար վերանայեն իրենց մոտեցումը և սկսեն պատվաստվել։ Իրականում հայտնի է, որ երբ քո շրջապատում ինչ-որ որոշում կայացրած մարդկանց քանակը գերազանցում է որոշակի շեմ, այդ որոշումը կայացնելը դառնում է ավելի դյուրին։ Երբ մենք հաղթահարենք այդ շեմը, այլևս մեծ խնդիր չենք ունենա մարդկանց համոզելու։ Սակայն ասեմ, որ այդ առումով անգամ ամենաառաջադեմ երկրներում, օրինակ՝ Դանիայում, որը արդեն ամբողջապես բացել է երկիրը և համարում է, որ խնդիրը լուծված է, պատվաստավծների քանակը չի գերազանցում 70 տոկոսը։ Նշանակում է՝ միջինը իրենց բոլոր կազմակերպություններն այսօր պետք է տուգանք վճարեին, եթե լինեին Հայաստանի կազմակեպություններ։ Զարմանալի է, չէ՞։

Մյուս առաջարկս այն է, որ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք վերջին վեց կամ ութ ամսվա ընթացքում արդեն տարել են կորոնավիրուսային հիվանդություն, որդեգրել մոտեցումներ, որոնք կիրառվում են այլ երկրներում։ Նշանակում է՝ ազատել նրանց պարտադիր պատվաստման պահանջից։ Այդ մարդիկ արդեն տառապել են հիվանդությունից, շատերը շատ ծանր են տարել, և նրանց նորից դարձնել այդ խնդրին և վիրո՞ւս ներարկել, ինչպես դա իրենք ընկալում են։ Անգամ, եթե մենք բոլորս գիտենք, որ գիտական տեսանկյունից այստեղ որևէ խնդիր չկա, նրանց համար հոգեբանորեն դա կարող է մեծ խնդիր լինել ու դա հասկանալի է։

Հաստատությունների համար պատվաստման իրատեսական շեմ սահմանել՝ ելնելով երկրում իրական տոկոսային քանակից, որն այսօր առկա է։ Միանգամից 6-7 տոկոսից չթռչել 100 տոկոսի․ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, համագոծակցելով կազմակերպությունների հետ, ոչ թե պարտադրանքի լեզվով խոսելով, գնալ առաջ։ Այդ դեպքում մենք կստանանք աջակցություն, ոչ թե դիմադրություն և զայրույթ։ Եկեք հիշենք, որ Հայաստանում ուսուցիչները միջինը վաստակում են ընդամենը 70 000 դրամ․ այդ գումարից նվազագույնը 20 000 դրամ գանձել այն ուսուցիչներից, որոնք ինչ-ինչ պաճառներով պատրաստ չեն այսօր պատվաստվել, անբարոյական է։

Ես առողջապահության նախարարությանը առաջարկում եմ՝ այն շերտերի համար, որոնք փաստացի սոցիալապես անապահով են, սահմանել ինչ-որ սուբսիդավորում, որպեսզի նրանց համար անցումը դեպի պատվաստման որոշում լինի ավելի մեղմ և ավելի քիչ սթրեսային, չլինի հարվածային։

Այս ամենը ասելով՝ ես կողմ եմ, որ մեր բնակչությունը պատվաստվի։ Ես համարում եմ, որ նման վտանգավոր հիվանդության պարագայում իշխանությունները պետք է դիմեն արտասովոր քայլերի, այդ ամենը ընդունելի է, սակայն պետք է հաշվի նստել իրականության հետ։

Համեմատել Հայաստանը զարգացած երկրների հետ սխալ է, ինչպես օրինակ՝ չի աշխատում որևէ զարգացած երկրից ինչ-որ կրթական լուծում Հայաստան բերելը և անմիջապես պատճենելը։ Չի աշխատում, որովհետև մենք լրիվ այլ իրավիճակում ենք։ Ուսուցիչները զարգացած երկրներում անընդհատ գտնվում են պետության հոգածության ներքո, իշխանությունից ստանում են տարատեսակ աջակցություն, և իշխանությունները, բնականաբար, բարոյականության տեսակետից իրենց իրավունք են վերապահում որոշ դեպքերում պահանջներ ներկայացնել այդ մարդկանց։ Բացի դրանից, այդ երկրներում պատվաստավածների միջին տոկոսը արդեն իսկ բարձր է, և այդ պատճառով ուսուցիչները իրենց թիրախավորված չեն զգում։

Զարմանալիորեն մեր իշխանությունների սերունդները՝ մեկը մյուսին հակադրված, մեկը մյուսից ժառանգել են նույն սովորությունը՝ անտեսել և՛ կրթությունը, և՛ ուսուցիչներին։

Մենք ուսուցիչներին տարեցտարի չնչին աշխատավարձ ենք վճարում՝ դրա դիմաց դնելով դարձր պահանջներ։ Մենք նրանց չենք ցուցաբերում որևէ իրական աջակցություն՝ մասնագիտական զարգացման կամ որևէ այլ տեսակի, սակայն բարձր կրթական արդյունքներ ենք պահանջում։ Նախկինում մենք նրանցից պահանջում էինք ձայներ ընտրությունների ժամանակ, այսօր մենք նրանցից պահանջում ենք 100 տոկոսանոց պտվաստում։ Այս մոտեցումը տարեցտարի կրթությունը կործանում է։

Պատկերացրեք՝ եթե նման մթնոլորտ, նման մշակույթ տիրեր մի որևէ մասնավոր ընկերությունում, որքա՞ն երկար կապրեր այդ ընկերությունը։ Ո՞վ է տուժում այս ամենի արդյունքում․ տուժում են մեր երեխաները, տուժում է մեր ապագան։

Պատրաստել է Լիա Ավագյանը

Մեկնաբանել