ՏԻՄ ընտրություններ․ չորս խոշոր քաղաքներից երեքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է

Չորս խոշոր քաղաքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվել են ընդդիմության ներկայացուցիչներին։ Իշխող քաղաքական ուժը հաղթել է Դիլիջան քաղաքում, Տեղ և Տաթև համայնքներում։

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Գյումրի, Գորիս, Դիլիջան, Մեղրի քաղաքներում և Տաթև, Տեղ համայնքներում։ Այս վեց համայնքներում բնակչությունը 4 000-ից ավելի է, այդ պատճառով ընտրություններն անցկացվել են պարզ համամասնական ընտրակարգով, այսինքն, քաղաքացիները ընտրել են ավագանու կազմ, որն էլ կնշանակի համայնքի ղեկավար։

Եվս երեք համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում քաղաքացիներն ընտրել են և ավագանի, և համայնքի ղեկավար, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Հայաստանի ինը համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55 410-ը կամ 33,23 տոկոսը։

Չորս խոշոր քաղաքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվել են ընդդիմության ներկայացուցիչներին։ Իշխող քաղաքական ուժը հաղթել է Դիլիջան քաղաքում, Տեղ և Տաթև համայնքներում։

Գյումրու ավագանու ընտրություններում, ըստ նախնական ամփոփագրի, հաղթել է «Բալասանյան» դաշինքը՝ 36,31 տոկոսով։ Հայաստանի երկրորդ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրորդն է՝ 29,36 տոկոսով, երրորդը «Զարթոնք» կուսակցությունն է՝ 10,42 տոկոսով։

Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ դաշինքը ստացել 6 269 ձայն կամ 60,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 3 568 մարդ կամ 34,3 տոկոսը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7 տոկոսը։

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 42,8 տոկոսով։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը` 14,4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» 57 տոկոս ձայնով հաղթել է Դիլիջանում։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Դավիթ Սարգսյանը։ ՔՊ-ն առաջատարն է նաև Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրություններում։ Տաթևում իշխող ուժի համայնքի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթևոսյանն է, կուսակցությունը ստացել է 1 281 քվե։ «Քաղաքացիական պայմանագիրը» իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նաև Տեղ համայնքում հաղթանակի մասին։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժը ստացել է 1 530 ձայն։

Հակոբ Ասլանյան