Ինչպես են այլընտրանքային ճանապարհներին միանալու Շուռնուխն ու Որոտանը․ նախարարության պարզաբանումը

Կառավարությունը նախատեսում է Շուռնուխ և Որոտան համայնքները միացնել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին, որն անցնում է Տաթևով։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ նույն տարվա դեկտեմբերին, հայկական կողմը հետ քաշվեց Արցախի Քաշաթաղի շրջանի որոշ հատվածներից, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը մոտեցավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։ Այս ճանապարհի վրա են գտնվում Շուռնուխն ու Որոտանը։

2021-ի օգոստոսին, երբ ադրբեջանցի սահմանապահները փակել էին միջպետական ճանապարհը, այդ համայնքները մարզկենտրոնից կտրվել էին, քանի որ Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհին այդ գյուղերին միացնող ուղիները գտնվում են գրեթե անանցանելի վիճակում։

Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ ավարտել այլընտրանքային ճանապարհի վերանորոգումը՝ 43 կմ երկարությամբ, սակայն դեռևս չի սկսվել վերոնշյալ երկու համայնքները Տաթև-Աղվանի հատվածին միացնող ուղիների վերանորոգումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մասնավորապես ասել են. «Նախատեսվում է իրականացնել Որոտան-Խոտ ավտոճանապահի վերակառուցման, Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բաձրավան ճանապարհի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, Տ-8-49, Լծեն ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Հաշվի առնելով նշված ավտոճանապարհների կարևորությունն ու հրատապությունը՝ ներկայում զուգահեռ մեկնարկել են նաև այդ ճանապարհների ուսումնասիրման, նախագծման և շինարարական աշխատանքները»։

Բացի այդ, ըստ նախարարության՝ 2020-ի պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում սկսվել են առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները։

«Այդ նպատակով ՀՀ վարչապետի՝ 2021-ի հունվարի 15-ի 23-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կողմից վեր են հանվել առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները»,- նշված է պատասխանում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել