Տոնոյանի պաշտպանները պահանջելու են մասնակցել մատակարարված զենք-զինամթերքի որակական փորձաքննությանը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել Հայաստանի զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

«Փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում»,- ասված է Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում։

Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանները պնդում են, որ անկատար փորձաքննության պայմաններում նրա նկատմամբ մեղադրանքների ներկայացումը և նրա կալանավորումը «բացարձակապես հիմնազուրկ են»:

«Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը և դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ պաշտոնեական կեղծիքներ կատարելու և խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Մեկնաբանել