Արշալույս Մղդեսյան
Ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ռուսական նոր ներդրումների խոստում, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, գազի գին, առևտուր և ինտեգրացիա. սրանք են Երևանում հոկտեմբերի 18-19-ին տեղի ունեցած Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի ժամանակ ու դրա ետնաբեմում քննարկվող հիմնական թեմաները:
Ռուսաստանի ներդրումային ակտիվությունը Հայաստանում՝ քաղաքական կայունության հաստատման հետևանք
Հայաստանում հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքական ճգնաժամի հաղթահարումը, նոր խորհրդարանի ու կառավարության ձևավորումը հնարավորություն են ստեղծել գործընկեր ու դաշնակից երկրների հետ խոսելու այլ, այդ թվում՝ տնտեսական թեմաների մասին:
Համաժողովի մասնակից ռուսաստանցի պատվիրակները, որոնց թվում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, վերջին շրջանում Ռուսաստանի ներդրումային ակտիվությունը Հայաստանում բացատրեցին հենց քաղաքական կայունության հաստատմամբ:
Ռուսաստանը մտադիր է ներդնել 1 մլրդ դոլար Հայաստանի տնտեսությունում
Հատկանշական է, որ համաժողովի ժամանակ հնչեցին ոչ միայն արարողակարգային ողջույնի ջերմ խոսքեր, այլև ներդրումային կոնկրետ առաջարկներ: Շատերի համար անսպասելիորեն ռուսական կողմը հայտնեց Հայաստանի տնտեսությունում 1 մլրդ դոլար ներդնելու իր մտադրության մասին: Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնելով այդ մասին՝ լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ այդ միջոցները կուղղվեն տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներ:
Ռուս փոխնախարարը չհստակեցրեց, թե ինչ ներդրումային ծրագրերի մասին է խոսքը, սակայն համաժողովի քննարկումներում նշվեցին մի քանի հավանական ծրագրեր, որոնց իրականացմանն արդեն մասնակցում կամ կարող է մասնակցել ռուսական կապիտալը: Դրանք են՝ Հայաստանում նոր ատոմակաայնի կառուցման ծրագիրը, որը ՀՀ կառավարությունը պարբերաբար քննարկում է ռուսական կողմի հետ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման մրցույթներին ռուսական ընկերությունների հնարավոր մասնակցությունը, Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցումը և այլն:
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում չհերքեցին թե՛ նոր ԱԷԿ-ի և թե՛ Հյուսիս-հարավի կառուցմանը ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունը:
Ռուսական ընկերությունը հաղթել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման առաջին փուլի նախագծման մրցույթում
Երևանում մետրոյի զարգացման կամ ավելի կոնկրետ՝ Աջափնայկ թաղամասում նոր մետրոյի կայարանի կառուցման հարցում ռուսական կողմի հետ պայմանավորվածություններն ավելի հստակ են: Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման առաջին փուլի նախագծման մրցույթում: Խոսքը մետրոյի երկու կայարանների կառուցման մասին է, որի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դոլար: Այժմ պետք է սկսվի նախագծման փուլը:
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և գազի գին
Համաժողովի ետնաբեմում խոսվեց նաև խնդիրների մասին, հատկապես տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացի և Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ հոկտեմբերի 20-21-ը Մոսկվա է այցելելու Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ նիստին մասնակցելու համար:
«Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման օրակարգը չի փոխվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կիրականացվի ԱՊՀ-ի կարգավորումների իրավական բազայի շրջանակներում», – նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ եռակողմ աշխատանքային խմբում արդեն որոշակի պատկերացումներ կան երկաթուղու վերագործարկման մասով։
«Մենք այժմ քննարկում ենք ավտոմոբիլային հաղորդակցության հարցերը», – տեղեկացրեց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ քննարկումները ոչ թե միջանցքների, այլ հաղորդակցության բոլոր ուղիների վերագործարկման հնարավորության մասին են:
Մհեր Գրիգորյանը, խոսելով Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների մասին, նկատեց, որ թե՛ Հայաստանի սահմանին գազի գնի և թե՛ ՀՀ-ում վերջնական սպառողին վաճառվող գազի սակագների վերաբերյալ առկա է կոնսենսուս:
«Սահմանին գնի և Հայաստանի տարածքում սակագնի առումով կոնսենսուս կա, քանի որ դեռևս 2019-ից բարդ բանակցություններ են ընթացել, խորը քննարկել ենք այդ հարցերը և որոշ առումով համաձայնեցրել», – ասաց Գրիգորյանը՝ մատնանշելով այլ չլուծված խնդիր «Գազպրոմի» հետ հարաբերություններում։
Խոսքը ռուսական կողմին պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի վերագործարկման մասին է: Այն Հայաստանի խոշորագույն ջերմաէլեկտրակայանն է, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Կայանն այժմ չի աշխատում, քանի որ համարվում է էլեկտրաէներգիայի գեներացիայի թանկ աղբյուր: ««Գազպրոմ» ընկերության բոլոր ներդրումները դեռ 2013 թվականի համաձայնագրի համապատասխան պետք է ունենան 9 տոկոս եկամտաբերություն: Բնականաբար, կայանի կառուցումը խոշոր, լուրջ ներդրում է, բայց շահույթ չի ստեղծում, ինչը պայմանավորված է համաձայնագրով և այդ հարցը մնացել է օրակարգում», – նշեց Գրիգորյանը՝ նկատելով, որ պաշտոնական Երևանը ձգտում է հասնել 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը։
«Եթե հաջողվի լուծում գտնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շահագործման հարցում, ապա մենք կունենանք շատ կայուն իրավիճակ՝ կապված գազի գնի հետ ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում, չնայած աշխարհում գազի գինը հասել է 1 000 խմ-ի դիմաց 940 դոլարի, այն դեպքում, երբ սահանին Հայաստանը վճարում է 165 դոլար», – եզրափակեց նա: