Տիգրան Գրիգորյան
Օվերտոնի պատուհան հասկացությունը հասարակագիտական բառապաշար է մտել 1990-ական թվականներին: Վերլուծական այդ մոդելի հեղինակը ամերիկացի փորձագետ Ջոզեֆ Օվերտոնն էր: Մոդելը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են տարբեր հասարակությաններում փոփոխվում գաղափարները և գաղափարների վերաբերյալ հանրային ընկալումները: Այս մոդելի հիմնական թեզն այն է, որ քաղաքական գործիչները խիստ սահմանափակված են այն գաղափարների ընտրության հարցում, որոնց հիման վրա կարելի է քաղաքականություն մշակել ու որոշումներ կայացնել: Նրանք հիմնականում ընտրություն են կատարում այն գաղափարներից, որոնք ընկալելի ու ընդունելի են հանրության համար՝ Օվերտոնի պատուհանի ներսում գտնվող գաղափարներից: Օվերտոնի պատուհանից դուրս գտնվող գաղափարներ հնչեցնելու կամ օգտագործելու դեպքում քաղաքական գործիչները սովորաբար կանգնում են հանրային աջակցությունը կորցնելու վտանգի առաջ:
Օվերտոնի պատուհանը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մեծացնելով կամ փոքրացնելով ընդունելի գաղափարների քանակը: Այդ տեղաշարժը կարող է տեղի ունենալ ինչպես բարդ և օբյեկտիվ իրողությունների ազդեցության ներքո, այնպես էլ արհեստական ներազդեցության արդյունքում: Հետպատերազմյան Հայաստանում ևս երկրի համար անկյունաքարային հարցերում Օվերտոնի պատուհանի տեղաշարժ է նկատվում: Այս գործընթացը մի կողմից պայմանավորված է 44-օրյա պատերազմի ծանր ու շոկային հետևանքներով, մյուս կողմից էլ՝ իշխող թիմի նպատակաուղղված քայլերով:
Նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղյան հիմնահարցում Օվերտոնի պատուհանը տեղաշարժելու երկու ուշագրավ փորձ է տեղի ունեցել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից:
Այդպիսի փորձով առաջինը աչքի է ընկել Ազգային ժողովում իշխանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Պատասխանելով ԼՂՀ Մարտունու շրջանի Նորշեն գյուղի մոտակայքում տեղից ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ Մելքոնյանը հայտարարել էր․
«Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ ․․․ Ղարաբաղի անվտանգությունն իրենք են, երաշխավորը ռուսներն են անվտանգության: Այս հարցերը պիտի ռուսներին տանք, թե ինչի սենց եղավ»:
Գագիկ Մելքոնյանը վստահաբար տեղյակ չէ ո՛չ Օվերտոնի, ո՛չ էլ նրա պատուհանի գոյության մասին, սակայն այն գործառույթները, որոնք նա կատարում է իշխող ուժի ներսում, հենց Օվերտոնի պատուհանի տեղաշարժի նպատակ են հետապնդում: Մելքոնյանի հնչեցրած միտքը, իհարկե, դեռ պետական քաղաքականություն չէ: Թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, թե՛ Կառավարության ծրագրում ուղիղ տեքստով նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այնուամենայնիվ, նմանօրինակ հայտարարությունները հող են նախապատրաստում ապագայում այս հարցում նաև պետության քաղաքականության ու դիրքորոշման փոփոխության համար:
Օրեր առաջ Օվերտոնի պատուհանի տեղաշարժի ավելի ակնառու փորձ է կատարել իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանը: Ելույթ ունենալով «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկմանը՝ Խաչատրյանը, մասնավորապես նշել է․
«Մենք, հեռատես չլինելով, մերժեցինք անգամ, չգիտեմ, ամենամեծ ինքնավարությունը, որը Հեյդար Ալիևը մեզ խոստանում էր: Ենթադրում եմ, որ Հեյդար Ալիևի որդին, որը պակաս լավ խորհրդատուներ չունի, երբ որ այսօր ասում ա՝ Ղարաբաղի հարց գոյություն չունի, վաղը մեծահոգաբար կհամաձայնվի ինչ-որ մի հատ ինքնավարության: Եվ կլինի դա իր զիջումը՝ ինքնավարություն տալը: Դա է լինելու վերջը, ոչ թե անջատումը: Եվ բոլորը մեզ ասելու են՝ էլ ի՞նչ եք ուզում, մարդն ասում էր՝ ոչ մի Ղարաբաղի հարց, հիմա ասում ա՝ ինքնավարություն: Էդ էլ չե՞ք ուզում: Այսինքն, մենք մեզ կոխել ենք, մտցրել ենք էդ փակուղի: Հիմա եթե մենք դա, իմ կարծիքով, չընկալենք, որ մեզ ավել բան չի սպասում Ղարաբաղի հարցում, և երբ որ մենք ասում ենք՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը, հայերը ապրելու հեռանկար չունեն, մեզ անընդհատ ասելու են՝ հարյուրամյակներով ապրել եք, էս ի՞նչ եք խոսում: Այսինքն, այդ անհամատեղելիությունը մեզ փակուղի ա տանում»:
Այս քննարկման ընթացքում Խաչատրյանը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մի շարք այլ խնդրահարույց մտքեր է հնչեցրել, սակայն իշխանական պատգամավորի խոսքի հիմնական ուղերձը այն էր, որ Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի Արցախի հայաթափումը կանխելը և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ապագայի գաղափարը: Խաչատրյանն իր խոսքի ընթացքում շեշտել է նաև, որ հնչեցված մտքերը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը չեն հարցի վերաբերյալ:
Խաչատրյանն այդ ելույթի ընթացքում պարադոքսալ պնդում է կատարում: Մի կողմից նա նշում է, որ իր համար կարևորագույն խնդիրը Արցախի հայկականության պահպանումն է, մյուս կողմից կոչ է անում ընդունել մի սցենար, որի իրագործման դեպքում Արցախում նույնիսկ մեկ հայ չի մնալու: Այդ ընթացքում նա օգտագործում է նաև բավականին տարածված քարոզչական հնարք․ ընտրում է իր պնդման համար ամենահարմար ու ամենապրիմիտիվ հակափաստարկը և կոչ անում հրաժարվել դրանից: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից ժամանակին հնչեցված հայերի ու ադրբեջանցիների գենետիկորեն անհամատեղելի լինելու վերաբերյալ հայտնի պրիմորդիալիստական (primordialist) հայտարության մասին է:
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ հավասարազոր է Արցախի հայաթափման
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ արցախահայության կյանքը Ադրբեջանի կազմում վտանգված է ոչ թե երկու ժողովուրդների էթնիկ անհամատեղելիության, այլ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականության պատճառով: Հակամարտության վերջին տասնամյակների պատմությունն ու դինամիկան ևս այնպիսի մթնոլորտ են ստեղծել հակամարտող հասարակություններում, որ նույն պետական միավորի կազմում գոյակցությունը անհնար է դարձել: Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններից է այն իրողությունը, որ հակամարտող կողմերի վերահսկողության տակ անցնող բնակավայրերից խաղաղ բնակչությունը անխտիր բոլոր դեպքերում հեռանում է: Հակամարտությունը տարիների ընթացքում դարձել է զրոյական գումարով խաղ (zero-sum game), երբ կողմերից մեկի ձեռքբերումը անպայմանորեն մյուսի կորուստն է դառնում: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում հավասարազոր է Արցախի ողջ հայ բնակչության արտահոսքին այդ տարածքից: Հայաստանում ու Հայաստանից դուրս գտնվող բոլոր գործիչները, որոնք կողմ են այդ գաղափարին, անուղղակիորեն կողմ են նաև Արցախի հայ բնակչության էթնիկ զտման գաղափարին:
Արցախյան հիմնահարցում Օվերտոնի պատուհանի տեղաշարժի այս փորձերով ՀՀ իշխանությունները ամենայն հավանականությամբ նպատակ ունեն ապագա ռիսկերի կառավարում իրականացնել: Նրանք փորձում են ապահովագրվել Ղարաբաղյան հարցում հնարավոր նոր ձախողումների ու աղետների բացասական հետևանքներից կամ նվազագույնի հասցնել դրանք: Նույն նպատակն են հետապնդում նաև իշխող թիմի որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը հարևանների հետ բանակցություններում կարմիր գծեր չպիտի ունենա: Իշխանությունների նեղ խմբակային շահերը սպասարկող այս գործելոաճը լուրջ վտանգներ է պարունակում, էական վնաս է հասցնում տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի դիվանագիտական ջանքերին և երկարաժամկետ կտրվածքով զգալիորեն թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը: