Հյուսիս-Հարավ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի Ֆեյսբուքի էջից

Այսօր առավոտյան Հյուսիս-Հարավ ճանապարհին մարդատար «Գազելի» մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է հաղորդագրությունում։

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։

Մեկնաբանել