2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1 000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ, որը 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 150 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով։ Նման կտրուկ աճի պատճառն այն է, որ 1 000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՊԵԿ-ը ներառել է նաև ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1 000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝ 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871,2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի 1 000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե էին վճարել մոտ 150 մլրդ դրամ պակաս՝ շուրջ 721,4 մլրդ դրամի հարկեր։
2021-ի ֆինանսական տարվա արդյունքներով՝ երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 38 մլրդ 266 մլն դրամ։ 2020-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 34.9 մլրդ դրամ։
2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 38 մլրդ 249 մլն դրամ վճարած հարկերով: 2020-ի առաջին 9 ամիսներին ընկերության մուտքերը կազմել էին 31,3 մլրդ դրամ:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի վճարած հարկերը կազմել են 34,1 մլրդ դրամ:
4-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը վճարել է 24,7 մլրդ դրամ հարկ: 2020-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարած 36,2 մլրդ դրամ հարկով առաջինն էր 1 000 խոշոր հարկատուների ցանկում։
5-յակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 18,7 մլրդ դրամ հարկով: 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալներով՝ «Գեոպրոմայնինգ գոլդը» վճարել էր 16,3 մլրդ դրամ:
«Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 15,5 մլրդ դրամով, որին հաջորդում են «ՄՏՍ Հայաստանը»՝ 13 մլրդ դրամ, «Թեղուտը»՝ 12,3 մլրդ դրամ, «ՍիփիԷս Օիլը»՝ 11,9 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆլեշը», որը 2020 թ. ընթացքում վճարել է 10,7 մլրդ դրամ:
Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած մասնավոր ընկերություններից 2-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 3-ը՝ հանքարդյունաբերության, 1-ը՝ կապի ոլորտները։
2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։