Անկարգություններ Վլադիկավկազի բանտում՝ բռնության ու բռնաբարության տեսաերիզից հետո

OC Media

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի քրեակատարողական հիմնարկում անկարգություներ են տեղի ունեցել՝ բանտարկյալների նկատմամբ ենթադրյալ խոշտանգումների պատճառով։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի բողոքի ցույցերը ճնշվել են նույն օրը, և մի շարք բանտարկյալներ տեղափոխվել են այլ շրջանների քրեակատարողական հիմնարկներ: Դեպքի վայր են բերվել տեղական ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ՝ տարածքը գրոհելու նպատակով։

Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն սկսել է զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը:

Խռովությունը բռնկվել է Ռուսաստանի հարավ-արևմուտքում՝ Սարատովի մարզում, բանտարկյալների նկատմամբ ենթադրյալ խոշտանգումների և սեռական բռնության վերաբերյալ սկանդալի ֆոնին:

Այս ամսվա սկզբին Gulagu.net-ը՝ Ռուսաստանի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող նախագիծը, հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, որ Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) և Քրեակատարողական ծառայության աշխատակիցները նվաստացնում և սեռական ոտնձգություններ են կատարում բանտարկյալների նկատմամբ: Տեսաերիզների հրապարակումից հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է բազմաթիվ քրեական գործեր:

Հյուսիսային Օսիայի Առաջին ուղղիչ գաղութում անկարգություններին մասնակցել է շուրջ 200 բանտարկյալ։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ անկարգությունները հրահրել են մեկուսարանի երկու բանտարկյալ, որոնք հրաժարվել են ենթարկվել «անձնակազմի օրինական պահանջներին»:

Մի քանի բանտարկյալներ լրագրողներին ասել են՝ խռովությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ հաստատության աշխատակիցներն ու հատուկ ջոկատայինները պատժախցերում պահվող բանտարկյալներին մահակի հարվածներ են հասցրել։ Նրանց խոսքով՝ մի քանի կալանավոր կտրել է դաստակների երակները՝ փորձելով դադարեցնել իրենց հանդեպ բռնությունը՝ մինչև անկարգությունները սկսելը և բանտի տեսախցիկները կոտրելը:

Հոկտեմբերի 16-ի առավոտյան Հյուսիսային Օսիայի մարդու իրավունքների հանձնակատար Թամերլան Ցոևը հայտնել է, որ ուղղիչ հիմնարկում իրավիճակը կայունացել է, և անկարգությունները դադարել են առանց հատուկ ջոկատայինների միջամտության:

Հանձնակատարն այնուամենայնիվ նշել է, որ բանտում կան մի շարք «ենթակառուցվածքային խնդիրներ», որոնք պետք է լուծվեն: Նրա խոսքով՝ անկարգությունների ընթացքում տուժածներ չկան:

Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու» համար: Քննիչները դեռ չեն հրապարակել կասկածյալների վերաբերյալ մանրամասներ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անկարգությունից հետո 30 բանտարկյալ տեղափոխվել է Դաղստանի Հանրապետությունում գտնվող խիստ ռեժիմի քրեակատարողական գաղութ, մինչդեռ մի շարք այլ բանտարկյալներ սպասում են այլ շրջաններ տեղափոխվելուն: