Արցախի հյուրանոցներում ապրող քաղաքացիների համար արդեն 1,7 մլրդ դրամ է ծախսվել

2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի օգոստոս հյուրանոցային ծառայությունների դիմաց պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձանց համար պետական բյուջեից կատարած փոխհատուցման ծախսերը կազմել են 1,707 միլիարդ դրամ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան այսպիսի տվյալ է տրամադրել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովն ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը [տե՛ս՝ Տունդ կվերցնեն, եթե այնտեղ չես․ խնդրահարույց օրինագիծ և բուռն քննարկում Արցախի խորհրդարանում] : Փաթեթը ներկայացրել էր նախարար Հայկ Խանումյանը: Առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:

ՍիվիլՆեթը նախարարից հետաքրքրվել էր, որ եթե խնդիրը ժամանակավորապես լուծելու համար հյուրանոցներին արդեն 1,7 միլիարդ դրամ է փոխանցվել, «հետևաբար գույքը բավարար չէ Արցախում, ապա ինչո՞ւ չեն կիրառվում վերոնշյալ օրենքները»:

«Պետությունը շարունակում է խոշոր միջոցներ տրամադրել հյուրանոցներ/հյուրատներին տեղահանված բնակչության համար՝ ապահովելով գերշահույթներ մի խումբ տնտեսվարողների համար, որոնք երբևէ նման չափի եկամուտներ չեն ունեցել։ Ի՞նչ խոչընդոտներ են խանգարում կիրառել սույն օրենքը։ Քանի՞ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույք է օգտագործվել»,- ՍիվիլՆեթը նաև այս հարցն էր ուղղել նախարարին:

Նախարարության պատասխանում նշվում է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունը ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց պատկանող գույքը օգտագործման վերցնելու գործընթացի առաջին փուլն էր։

Ըստ նախարարության պատասխանի՝ կառավարությունն իրենց ներկայացրած երկու նախագծերը պիտի ընդունի, առաջինը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և կամ իրավաբանական անձանց գույքի օգտագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ուժը կորցրած պետք է ճանաչվի վարձակալության ու անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը, որով սահմանվում են վարձակալվող կացարանների համար վճարները:

Օգոստոսի 12-ից ուժի մեջ մտած «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» հրամանագրի հիման վրա է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Արցախի կառավարություն ներկայացրել վերոնշյալ երկու որոշումների նախագծերը: Ըստ նախարարության՝ միայն դրանց «ընդունվելուց հետո հնարավոր կլինի ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձան պատկանող գույքը օգտագործման վերցնել»։

Իսկ անօթևան մնացած քաղաքացիների համար բնակվարձի փոխհատուցման ծախսերը տասը ամիսների (2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի օգոստոս) ընթացքում կազմել է 1,437 մլրդ դրամ։

Արցախի հանրային հեռուստատեսության «Սոցիում» հաղորդման ներկայացրած տվյալների համաձայն՝ հուլիսի 1-ի դրությամբ առկա է տարհանված քաղաքացիների համար բնակարարանների վարձավճարի փոխհատուցման 3637 պայմանագիր, իսկ հյուրանոցներում բնակվում է 1925 քաղաքացի:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել