Դպրոցներում անվճար սննդի պահանջն իրարանցում է առաջացրել Վրաստանում

նիկա մելիա Նիկա Մելիայի քարոզարշավի գովազդային վահանակ՝ «Անվճար սնունդ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում» վերտառությամբ, լուսանկարը՝ OC Media/Թաթա Շոշիաշվիլի

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Դպրոցներում աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պահանջով վերջերս մեկնարկած նախաձեռնությունը վրաց հասարակության գովասանքին արժանացավ, չնայած որոշ քննադատներ նույնպես իրենց ձայնը լսելի դարձրին: Նմանատիպ պահանջ էր ներկայացրել նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան:

«Քաղցած աշակերտներն իրենց ակադեմիական առաջադիմությամբ, ընդհանուր առմամբ, հետ են մնում մյուսներից»,- OC Media-ին ասել է «Մենք պահանջում ենք դպրոցներում համընդհանուր անվճար սնունդ» արշավի կազմակերպիչներից Թաթա Վերուլաշվիլին, որը նաև այս նախաձեռնության ղեկավար կազմակերպության՝ «Խմա»-ի անդամ է:

Վրաստանում գտնվող «Վերապատրաստման և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն՝ երկրում հարցված աշակերտների 77%-ն ասել է, որ դպրոց գնալիս երբեմն (42%) կամ միշտ (35%) քաղցի զգացում է ունենում»:

«Խմա»-ն հիմնադրվել է մոտ վեց ամիս առաջ՝ որպես «շարժում», որը մտահոգված է «դասակարգային խնդիրների» լուծմամբ, այդ թվում՝ աշխատանքային իրավունքներ, աղքատություն, բնակարանային հարցեր և դեղորայքի հասանելիություն և մատչելիություն:

Ըստ Վերուլաշվիլիի՝ դպրոցներում անվճար սննդի տրամադրման հարցով «Խմա»-ն սկսել է աշխատել անցած գարնանից, թեև հանրությանն այն հայտնի դարձավ ընդամենը չորս օր առաջ: Ըստ «Խմա»-ի գնահատականների՝ Վրաստանի դպրոցներում աշակերտներին անվճար սննդով ապահովելու համար տարեկան կպահանջվի 71 մլն լարի (23 մլն դոլար):

Նախաձեռնության մեկնարկին պես Ֆեյսբուքի բազմաթիվ վրացի օգտատերեր գովեցին այն։

«Սա շատ ծնողների հոգսը կթեթևացնի: Բացառիկ լավ նախաձեռնություն է»,- Ֆեյսբուքում գրել է Պաչիկո Գաբեդավան՝ նշելով, որ ուսանողների համար անվճար նախաճաշը սովորական բան է աշխարհի շատ երկրներում: Մեկ այլ օգտատեր՝ Էմմա Գաբեդավան, գրել է, որ աջակցում է այս արշավին, քանի որ «երեխաները երբեք որևէ տեղ չպետք է քաղցած լինեն»:

Այդուհանդերձ, արշավը միայն սոցցանցերում չէ, որ աջակցություն է ստանում:

Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության գործադիր տնօրեն Անա Արգանաշվիլին OC Media-ին ասել է, որ, իր կարծիքով, սա «շատ կարևոր նախաձեռնություն է», որը պետք է իրականացվի մինչև վերջ՝ «առանց հապաղելու»:

Պահանջն ընդունել է նաև Նիկա Մելիան, որը Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հիմնական մրցակիցներից էր և Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահը:


Նախընտրական խոստումներ

Թեև «Խմա» շարժման այս նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 14-ին, մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին, նման առաջարկով հրապարակավ հանդես եկավ Նիկա Մելիան․ քաղաքում տեղադրվեցին գովազդային վահանակներ, որոնցում Մելիան խոստանում է «անվճար սնունդ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում», եթե հոկտեմբերի 30-ին ինքն ընտրվի Թբիլիսիի քաղաքապետ։

Թաթա Վերուլաշվիլին OC Media-ին ասել է, թե իր կարծիքով՝ հավանական է, որ Մելիան «Խմա»-ից է ոգեշնչվել՝ որդեգրելով այս քաղաքականությունը։

«Իհարկե, ի սկզբանե դա մեր նախաձեռնությունն էր»,- ասել է նա: Այնուամենայնիվ, Վերուլաշվիլին հավելել է, որ ինքը և «Խմա»-ի մյուս անդամները «զարմացել են», երբ տեսել են, որ «Միասնական ազգային շարժումն» ընդունում է այդ առաջարկը՝ հաշվի առնելով այն, որ կուսակցությունը նախկինում երկար ժամանակ հանդես է եկել ազատ շուկայական քաղաքականության խթանման, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների սեփականաշնորհման օգտին։

Կուսակցության պատմությունը հաշվի առնելով՝ նա լուրջ չի վերաբերվում Մելիայի խոստմանը՝ համարելով, որ դա «նախընտրական դիմակահանդես» է, ոչ ավելի:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, թե կասկածում է, որ Մելիան կկարողանա կատարել աշակերտներին կերակրելու իր խոստումը:

«Սա սուտ է. հանրակրթական ոչ մի դպրոց Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ»,- Ֆեյսբուքում Մելիայի գովազդային վահանակը պատկերող մի լուսանկարի տակ գրել է Թբիլիսիի ավագանու «Վրացական երազանքի» թեկնածու Լադո Բոժաձեն: «Ինչո՞ւ է Նիկա Մելիան այդքան ամբարտավան ձևով ստում»:

Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում դպրոցները գործում են կրթության նախարարության ենթակայության ներքո: Մայրաքաղաքի մանկապարտեզները, սակայն, գտնվում են քաղաքապետարանի հովանու ներքո:

Հոդվածի հրապարակման պահին Մելիան խոստացել է բացատրել հանրությանը, թե քաղաքապետի պաշտոնում ինչպես է կարողանալու իրականացնել դպրոցներում անվճար սննդի քաղաքականությունը, սակայն դեռ չի արել դա:Եղել են նաև առանձին քննադատություններ դպրոցներում աշակերտներին անվճար սննդով ապահովելու բուն նախաձեռնության վերաբերյալ։ Վրաստանում գործող «Նոր տնտեսագիտական դպրոց – Վրաստան» ազատական վերլուծական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Պաատա Շեշելիձեն Ֆեյսբուքում դատապարտել է գաղափարը՝ այն համարելով «ուրիշի գումարով քաղցը հագեցնելու խոստում»:

Մեկնաբանել