Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Պիրիսը, ըստ ԱԳՆ-ի՝ արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել