Վրաստանում զանգերի կենտրոնը արտասահմանցիներից խաբեությամբ միլիոններ է կորզել

Scam-call-centres Georgia Վրացի և գերմանացի քննիչները հայտարարում են ձերբակալությունների մասին, պաշտոնական լուսանկար

Հոդվածը՝ Ռոբին Ֆաբրոյի, OC Media

Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոնների գործով Գերմանիայի իշխանությունների հետ համատեղ հետաքննության արդյունքում յոթ մարդ են ձերբակալել։

Իշխանությունները հայտնել են, որ չարագործները խաբեությամբ յուրացրել են 9,5 միլիոն եվրո, 720 000 դոլար և 220 000 ֆունտ ստեռլինգ անօրինական եկամուտ:

Ըստ դատախազության՝ այս ձեռնարկությունն ստեղծվել է 2015-ին Վրաստանի և Իսրայելի քաղաքացիների կողմից: Հաղորդվում է, որ խարդախների ենթադրյալ խումբը վեց ընկերություն է հիմնել Վրաստանում: Որպես «օպերատորներ» աշխատանքի ընդունելով օտար լեզուների տիրապետող փորձագետների՝ նրանք թիրախավորել են Եվրոպայում բնակվող մարկանց։

Զանգերի կենտրոնի աշխատակիցները, օգտագործելով կեղծ հեռախոսահամարներ և կեղծ անուններ, զանգել են մարդկանց և առաջարկել «արժեթղթեր, բաժնետոմսեր, ապրանքային ակտիվներ, արժույթներ և կրիպտոարժույթներ»:

«Օպերատորները սպառողներին հավաստիացրել են, որ իրենց օգնությամբ նրանք կկարողանան կայուն շահույթ ստանալ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։ «Օգտատիրոջ համաձայնությունը ստանալուց հետո էլեկտրոնային առևտրի համար հատկացված միջոցները փոխանցվել են հանցավոր խմբի վերահսկողության տակ գտնվող բանկային հաշիվներին»։

«Ամբողջ ժամանակ ստել են մարդկանց»

Նաթիան (անունը փոխված է), որը նախկինում Թբիլիսիում աշխատել է զանգերի մի քանի կենտրոններում, OC Media-ին ասել է, որ սա ամենևին էլ եզակի դեպք չէ։

«Եթե այցելեք jobs.ge կայք, կտեսնեք հարյուրավոր նման ընկերություններ»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք բոլորը գովազդում են «վաճառքի օպերատոր» կամ «զանգերի կենտրոնի օպերատոր» վերնագրով աշխատատեղեր՝ աշխատանքի բնույթի մասին չներկայացնելով այլ մանրամասներ. դա բացահայտվում է միայն ավելի ուշ, երբ ապագա աշխատակիցն արդեն սկսում է աշխատել:

Այսպիսի մի ընկերությունում աշխատանքի ժամանակ Նաթիան ընկերության կայքի համար գերմաներեն է թարգմանել կրիպտոարժույթների մասին բովանդակություն:

«Նրանք [աշխատակիցներին] բացատրում էին՝ նշելով, թե դա ավելի շատ մոլախաղի է նման, և ասում էին, որ այս մարդիկ ցանկացած տեղ կխաղան, ուստի եկեք նրանց համար հնարավորություն ստեղծենք, որպեսզի խաղան այստեղ, քանի որ ավելի վատ ընկերություններ կան»,- հիշում է նա:

Իսկ թե ինչ էր իրականում տեղի ունենում, Նաթիան ասել է, որ չգիտի։

«Միգուցե նրանք իսկապես մարդկանց հնարավորություն էին տալիս շահած դուրս գալ,- ասել է նա:- Միգուցե նրանք ամբողջ ժամանակ ստում էին մարդկանց»:

Նաթիան, սակայն, հիշում է, որ մեկ այլ ընկերությունում, որտեղ նա աշխատում էր, իր համոզմամբ՝ ինչ-որ անօրինական բան էր կատարվում: Նա վկայակոչում է մի դեպք, երբ ընկերությունից զանգահարել են Գերմանիայում բնակվող մարդկանց և համոզել, որ հանեն իրենց խնայողությունները ու նորից ներդնեն՝ գնելով «շատ նոր կրիպտոարժույթ» և «հարստանան»:

«Թվում էր, թե նրանք ինչ-որ մեկին ստիպում էին ներդրումներ անել, իսկ հետո նրանց ոչինչ չէր մտահոգում, հանգիստ խղճով կարող էին կորցնել այդ գումարը», – ասում է նա:

«Երբ դու դա անում ես, չի նշանակում, որ վատ մարդ ես, կային մարդիկ, որոնք երեխաներ ունեին, որոնք իսկապես փողի կարիք ունեին, որ անում էին դա,- նշում է նա:- Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք հոգեկան խանգարումներ են ունեցել կամ հետո իսկապես հոգեբանական ծանր խնդիրներ են ունեցել»:

Այս ոլորտի աշխատանքն ուներ կադրերի շրջանառության շատ բարձր ցուցանիշ, «որովհետև ինչ-որ պահի հասկանում ես, որ մանիպուլացնում ես մարդկանց, նրանք քեզ սովորեցնում էին, թե ինչպես մանիպուլացնել այդ մարդկանց»: Թեև, ըստ նրա, «կային նաև որոշ մարդիկ, որոնք հաճույք էին ստանում դրանից»:

Բայց աշխատողների մեծամասնության պարագայում, որոնք աշխատանքի պատճառով խղճի խայթ էին զգում, վերադասից եկող սպառնալիքներն ապահովում էին լռություն։

«Եթե որևէ բան ասեք այս ընկերության մասին, կարող եք խնդիրներ ունենալ, և մենք կարող ենք գտնել ձեզ,- հիշում է նա, թե ինչպես էին գործընկերներին սպառնում ղեկավարները:- Նրանք կարծես շատ վտանգավոր մարդիկ լինեին»:

Մեկնաբանել