Աբխազ վետերաններն «անժամկետ բողոքի ցույցեր» կանեն, մինչև ՆԳ նախարարը հրաժարական տա

Աբխազիա վետերաններ ցույց «Արուաա»-ի անդամները և այլ վետերաններ հայտարարում են իրենց պահանջների մասին, լուսանկարը` Մարիաննա Կոտովայի/OC Media։

Մարիաննա Կոտովա, OC Media

Աբխազիայում ոստիկանության և վետերանների միջև մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումից հետո մի խումբ վետերաններ խոստացել են «անժամկետ բողոքի ցույցեր» անել, մինչև ներքին գործերի նախարար Դմիտրի Դբարը չհեռանա պաշտոնից։

Աբխազիայի 1992-1993 թվականների պատերազմի մասնակից շուրջ 25 վետերաններ հինգշաբթի հավաքվել են Աբխազիայի լրատվամիջոցների աշխատողների ասոցիացիայի մոտ՝ պահանջելով Դբարի անհապաղ հրաժարականը:

Վետերանների կոչերը հաջորդում են սեպտեմբերի 30-ին Աբխազիայում հաղթանակի տոնի առթիվ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով մի քանի վետերաններ վիրավորվել էին: Ոստիկանության աշխատակիցների և վետերանների միջև բախում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ պատգամավոր Գարրի Կոկայան տոնակատարության ժամանակ ատրճանակից օդ էր կրակել։ Կոկայան հրաժարվել էր հանձնել զենքը ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկանների և նրանց միջև ծեծկռտուք էր սկսվել։

«Արուաա»-ն (թրգմն․՝ «Պահապաններ»,) Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ կապված վետերանների խումբ է։ Պատգամավոր Գիվի Կվարչիան, որը «Արուաա»–ի անդամ է, ճեպազրույցի ժամանակ կարդացել է վետերանների կոչը:

Դրանում ասվում է, որ իրենք չեն ցանկանում քաղաքականացնել միջադեպը, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, քաղաքականության մասին խոսելն անխուսափելի է դառնում:

Նրանք քննադատել են գլխավոր դատախազին այն բանի համար, որ չնայած նա խոստացել է մեղադրանք առաջադրել փոխնախարարներից մեկին և ներքին գործերի նախարարության մեկ աշխատակցի, բացառել է միջադեպին ներքին գործերի նախարարի մասնակցությունը:

«Ըստ տուժողների՝ հենց նա է [ՆԳ նախարարը] նախաձեռնողն ու ակտիվ մասնակիցը մի գործողության, որն անհամաչափ է հանցագործության մակարդակին»,- հավելել է Կվարչիան։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռաշ Ցվիժբան և նրա տեղակալ Դադին Չաչխալիան, որոնց դատախազը մեղադրանք է առաջադրել, դեռ կալանավորված չեն։ Փոխարենը, նրանք ասել են, որ Գերագույն դատարանը պատգամավորներ Գարրի Կոկայային և Ալմասխան Արձինբային արդեն զրկել է անձեռնմխելիությունից:

«Նման օրինակը կարող է դիտվել միայն որպես սադրանք, որի նպատակն է ստիպել նրանց իրար փողոցում սպանելու։ Նման մակարդակի սադրանքները նպատակ ունեն թունավորել մթնոլորտը և նրանց հանել միմյանց դեմ, որպեսզի բոլորից միանգամից ազատվեն»,- ասել է Կվարչիան։

Ըստ հայտարարության՝ այս գործողություններով փորձ էր արվում մեկուսացնել երկու պատգամավորի, որոնք քննադատում էին կառավարությանը, հատկապես պետական գույքի վաճառքին վերաբերող հարցերում:

Անկախ պատգամավորներ Կոկայան և Արձինբան, որոնք երկուսն էլ կառավարությանը հաճախ են քննադատում, երկուշաբթի զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից: Գերագույն դատարանը համարել է, որ ապացույցներ կան առ այն, որ Կոկայան խախտել է օրենքը՝ «վիրավորելով իշխանության ներկայացուցչին» և կատարել է «խուլիգանություն», իսկ Արձինբան կարող է մեղավոր ճանաչվել «ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու» և խուլիգանություն կատարելու մեջ։

«Նախագահը բռնել է վտանգավոր ինտրիգների, սադրանքների և իրավիճակը վերջնականապես ապակայունացնելու ճանապարհը»,- ասել է Կվարչիան՝ հավելելով, որ այդ սադրանքներն «սպառնալից չափերի են հասնում մեր պետության համար»:

Մեկնաբանել