Սահմանին իրավիճակի կարգավորումն առանց ՌԴ-ի հնարավոր չէ, խորհրդային քարտեզները մեր Գլխավոր շտաբում են․ Պուտին

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղում։ Այժմ ամենակարևորն այն է, որ վերջնականապես կարգավորվի իրավիճակը սահմանին, առանց ռուսական կողմի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ»։ Այս մասին Վալդայի համաժողովի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, ցավոք, միջադեպեր տեղի ունենում են, ցավոք, նույնիսկ մարդիկ երբեմն զոհվում են, բայց, հավանաբար, դժվար է իդեալիստական վիճակ պատկերացնել այսքան տարիների դիմակայությունից հետո։ Ամենագլխավորը հիմա սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային ժամանակաշրջանում, «ռուսական բանակի գլխավոր շտաբում են գտնվում»։

«Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Մեկնաբանել