Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել՝ աշխատողների աշխատավարձերի պահպանմամբ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում հերթական անգամ օրական մահացության ռեկորդային՝ 1015 դեպք էր գրանցվել:
Ռուսաստանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ պետք է աշխատել համաճարակի նոր ալիքի ուժգնությունը նվազեցնելու ուղղությամբ։
Մոսկվայի իշխանություններն էլ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը սահմանափակումներ կիրառելու մասին են հայտարարել։ Այդ ընթացքում բաց կլինեն միայն դեղատները և խանութները։ Մանկապարտեզներում և դպրոցներում հայտարարվել են արձակուրդներ, իսկ բուհերը կարող են աշխատել միայն հեռավոր ձևաչափով:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ փակ են լինելու առևտրի կենտրոնները, կինոթատրոնները, կենդանաբանական այգիները, մարզասրահները և գեղեցկության սրահները: Ռեստորանները կարող են աշխատել միայն առաքումներ իրականացնելով։