ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Ռուսաստանին՝ Չեչնիայի կառավարության քննադատի առևանգման գործով

Սալման Տեպսուրկաևը։ Լուսանկարը՝ Amnesty International-ի

OC Media

Հոկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռեց, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում 1ADAT տելեգրամյան ալիքի 19-ամյա մոդերատոր Սալման Տեպսուրկաևի առևանգման և խոշտանգումների համար: Տեպսուրկաևի գտնվելու վայրը դեռ անհայտ է։

Սալման Տեպսուրկաևը առևանգվել էր Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցից 2020-ի սեպտեմբերի 6-ին: Նա 1ADAT- ի մոդերատորն էր, որը անդրադառնում էր Չեչնիայում բռնի անհետացումների և կոռուպցիայի թեմաներին:

Ռուսաստանում գործող «Խոշտանգումների դեմ կոմիտեի» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանները, որոնք ներկայացնում են Տեպսուրկաևի կնոջ շահերը, ավելի ուշ պարզել են, որ երիտասարդի առևանգմանը մասնակցել են ռուսական ոստիկանության անդամները։

Նրան առևանգելուց մեկ օր անց համացանցում հայտնվեց տեսահոլովակ, որտեղ երևում էր, թե ինչպես է Տեպսուրկաևը սեռական բռնության ենթարկվում:

Տեպսուրկաևի կինը՝ Ելիզավետան, պատմել է, որ անհենալուց հետո ամուսնու հեռախոսի գեոլոկացիայով նրան տեղակայել է Չեչնիայի Գրոզնի քաղաքում գտնվող ռազմաբազայում, որտեղ տեղակայված է «Ահմադ Կադիրով» պարեկապահակետը և պահակախումբը:

Տեպսուրկաևի առևանգման վերաբերյալ Չեչնիայի Հանրապետությունում քրեական գործ հարուցելու մասին Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից ստացված չորս մերժումներից հետո իրավապաշտպանները գործ են հարուցել Կրասնոդարի երկրամասում՝ այն շրջանում, որտեղից նրան առևանգել էին:

Հաղորդվում է, որ իրավապաշտպանները քննիչներին տրամադրել են տեսագրություններ, որոնք ցույց են տվել Տեպսուրկաևին առևանգած ոստիկանների դեմքերը և մեքենաների պետհամարանիշերը:

Գործը հետագայում տեղափոխվեց Չեչնիա՝ պատճառաբանությամբ, որ «հնարավոր առևանգողները» կարող են գտնվել հանրապետության տարածքում։ Ինչպես հայտնում է Խոշտանգումների դեմ կոմիտեն, ներկայում քրեական գործը պաշտոնապես չի փակվել, և ոչինչ հայտնի չէ Տեպսուրկաևի ճակատագրի մասին:

Իր վճռում ՄԻԵԴ-ը գտնում է, որ Տեպսուրկաևի գործով Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի՝ «խոշտանգումների արգելման» և «անձի ազատության և անվտանգության իրավունքի մասին» հոդվածները։

Դատարանը նաև որոշել է, որ Ռուսաստանը պետք է Տեպսուրկաևին վճարի 26 000 եվրո փոխհատուցում։

Չնայած դատարանում տարած հաղթանակին` «Խոշտանգումների դեմ կոմիտեի» անդամները կասկածում են, որ դա այժմ կարող է օգնել, քանի որ վստահ չեն՝ արդյոք Տեպսուրկաևը ողջ է։

Խոշտանգումների դեմ կոմիտեն իր հաղորդագրությունում նշում է, որ երբ իրենք ներկայացրել են գործը, «հույս կար, որ նա ողջ է, և որ մեր ջանքերը կարող են փրկել նրան», բայց հիմա, նրա անհետացումից ավելի քան մեկ տարի անց, «հույս չի մնացել»։

Մեկնաբանել