Պուտինի «վրիպակն» Արցախի մասին, Կովիդը և ՏԻՄ ընտրությունները․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

ՍիվիլՆեթի մեկնաբան Էրիկ Հակոբյանն այս շաբաթվա իր հաղորդմանը քննարկում է ԿՈՎԻԴ-19 համաճարակի դեմ պայքարում Հայաստանի ձախողումը և թե որքանով է դա, ի վերջո, իշխանությունների ձախողումը: Նա խոսում է նաև ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության պարտության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ միանշանակ, բայց հնարավոր մարտավարական արտահայտությունների՝ Արցախի տարածքը Հայաստան նշելու մասին։

ԿՈՎԻԴ․ ժողովո՞ւրդն է մեղավոր, թե՞ կառավարությունը

Կարելի է ասել՝ մենք տանուլ ենք տալիս կորոնավիրուսի դեմ պայքարը։ Պատվաստվածների ընդհանուր թիվը գրեթե 10 տոկոս է, գուցե և պակաս, ընդ որում, պատվաստվածների զգալի մասը զբոսաշրջիկներ են, որոնք սովորաբար Հայաստան են այցելում Իրանից, Ռուսաստանից ու Հնդկաստանից։

Մենք ձախողում ենք այս պայքարը՝ չնայած նրան, որ պատվաստանյութի պակաս չունեցող սակավաթիվ երկրներից ենք։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքացիները չեն պատվաստվում, փոխարենը՝ այլ երկրների քաղաքացիներ պատվաստվելու համար ճամփորդում են Հայաստան, երբեմն՝ երկու օր մեքենա վարելով հասնում այստեղ։

Սա հանգեցրել է նրան, որ հայտնվել ենք համաճարակի չորրորդ ալիքում․ նոր վարակակիրների թիվը օրական 1000-2000 է, իսկ մահերինը՝ 30-40։ Այս ամենի հետևում հիմնականում սոցիալական ցանցերում ապատեղեկատվության հզոր արշավն է, որի կեղծ թեզերի մեծ մասը ծագում է ԱՄՆ-ում, Չինաստանում ու Ռուսաստանում և տարածում գտնում Հայաստանում։ Հարցումները ցույց են տվել, որ բնակչության 70 տոկոսը կհրաժարվեր պատվաստանյութից, ինչը աբսուրդային թիվ է՝ հաշվի առնելով այն, ինչ գիտենք պատվաստանյութերի հիմքում եղած գիտության մասին։

Ի՞նչ է սա ցույց տալիս։ Մշակութային տարր կա՝ ի վերջո, մենք մի երկիր ենք, որն ունի երեք միլիոն վարչապետ, պատերազմի ժամանակ ունեինք երեք միլիոն պաշտպանության նախարար, իսկ այժմ ունենք երեք միլիոն հանրային առողջապահության մասնագետներ։ Այսինքն՝ մշակութային տարր կա, մենք այս անարխիստ հանրույթն ենք, ուր ամեն մեկն իր գլխի տերն է և կարող է ինքն իր որոշումները կայացնել։ Սա լավ բնութագիր է որոշ դեպքերում, բայց աղետալի՝ այս դեպքում։

Սակայն ես մեղքը չեմ բարդում հասարակ քաղաքացիների վրա, ի վերջո՝ սա քաղաքական առաջնորդության խնդիր է։ Վարչապետը պետք է հանդես գա եթերում, մարդկանց բացատրելով ինչն ինչոց է, ինչ է պատվաստանյութն անում, ինչու է այն կարևոր։ Սա է առաջնորդությունը՝ խոսել հանրությանը ոչ հաճո բաներից, բացատրելով կեղծ հակափաստարկները, որ բերվում են պատվաստանյութերի դեմ։

Երկրորդ՝ մեր նախագահը ևս ունի մեղքի իր բաժինը. լինելով գիտնական՝ նա պետք է ուսուցանի ու բացատրի մարդկանց, թե ինչպես է գիտությունն աշխատում։

Եվ երրորդ, մեր առողջապահության նախարարությունը,- որքան էլ որ ես հավանում եմ գործող նախարարին,- նույնպես ձախողում է իր առաքելությունը՝ հանրությանը կրթելու պատվաստանյութերի անհրաժեշտության մասին։

ՏԻՄ ընտրություններն ու Քաղաքացիական պայմանագրի պարտությունը

Շաբաթվա սկզբին երկրի մի մասում անցկացված ՏԻՄ ընտրություններում Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չտարավ։ Գյումրիում անկախ քաղաքապետի թեկնածուն հաղթեց Քաղաքացիական պայմանագրի առաջադրած թեկնածուին։ Նույնը՝ Գորիսում։ Մեղրիում ընտրություններում հաղթանակ տարավ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից առաջադրված թեկնածուն։ Քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ տարավ համեմատաբար փոքր բնակավայրերում՝ Դիլիջանում, Տեղ և Տաթև համայնքներում։

Նախ, այստեղից ակնհայտ է դառնում, որ իշխող կուսակցությունը չի վայելում նույնքան ժողովրդականություն, որքան ինքը՝ վարչապետը։

Երկրորդ, ակնհայտ է, որ մարդկանց մոտ սկսում է նահանջել հին վարչակարգի վերադառնալու վախը՝ հունիսին տեղի ունեցած ընտրությունների հետևանքով, և շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում ներկա կառավարության քայլերին, նրա ձախողումներին ու ձեռքբերումներին։ Եվ նրանց մասին կարծիք կազմվում է ոչ թե նախկինների վերադարձի վախով, այլ կատարած աշխատանքի արդյունքներով։

Վերջապես, մի բան ևս, որ կօգնի մեզ հասկանալ այս արդյունքը, այն է, որ ամեն քաղաքականություն էլ ի վերջո տեղական է (all politics on some level are local), և ՏԻՄ ընտրությունը շատ ավելի բուռն կարող է լինել, քան համապետականը, քանի որ առկա են տեղական գործոններ, որոնք ազդում են մարդկանց քվեարկության վրա։ Սակայն այս դեպքում, կարծում եմ, ՏԻՄ ընտրությունները մեզ հուշում են երկրի ուղղության և այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում իշխող կուսակցության մասին։

Մենք այնքան սովոր ենք վատ լուրերի, և աշխարհի գրեթե բոլոր մասերում լուրերի մեծ մասը հենց բացասական են, այստեղ ևս պատկերը տարբեր չէ։ Բայց մենք պետք է մի քայլ ետ կանգնենք ու նայենք առանցքային բառերին՝ «իշխող կուսակցությունը պարտվեց»։ Ինչու՞ է կարևոր. իշխող կուսակցությունը պարտվում է, և չկան ձերբակալություններ կամ ընտրությունները վերստին անցկացնելու կոչեր։ Սա է հենց նշանակում լինել ժողովրդավարության կղզյակ՝ բռնապետության ծովում։

Մեզնից արևելք գտնվող երկրում ընդհանրապես ընտրություններ չկան՝ լինեն ՏԻՄ, թե համապետական։ Մենք տարբեր ենք, մենք կարող ենք ընտրել մեր առաջնորդներին, և երբ նրանք ձախողում են, նրանք հեռանում են։

Մեզնից արևմուտք գտնվող երկրում, եթե ղեկավարի սրտով չէ ընտրությունների արդյունքը, նա նորից է ընտրություններ կազմակերպում, իսկ եթե դու ազգությամբ քուրդ ես ու հաղթել ես ընտրություններում, նրանք քեզ կբանտարկեն։

Ուստի, մենք պետք է հպարտ լինենք, թե ինչի ենք կարողացել հասնել ազատության այս կղզյակում՝ շրջապատված նեո-ֆաշիստական բռնապետության այս ծովով։

Պուտինի հայտարարության վերծանումը

Անցնենք Պուտինի՝ Հայաստանի ու Արցախի մասին արված որոշ ուշագրավ և անկեղծորեն՝ բարդ վերծանելի հայտարարությունների։

Առաջինը, նա մամուլի ասուլիս տվեց Թուրքիայի բռնապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ Էրդողանի ներկայությամբ, և խոսեց Աղդամում ռուս-թուրքական խաղաղապահ մոնիտորինգի համատեղ կենտրոնի մասին՝ նկարագրելով Աղդամը որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման։ Քարտեզին նայելով՝ կտեսնենք, որ Աղդամը իրականում գտնվում է Արցախից անմիջապես արևելք։ Այսինքն, տողատակերում Պուտինը ասում է, որ Արցախը Հայաստան է։

Երկրորդ հայտարարությունը նա արեց ԱՊՀ երկրների ղեկավարների տեսաժողովի ժամանակ, որին ներկա էր նաև Ալիևը։ Պուտինը խոսեց Ադրբեջանում և Հայաստանում արվող ռուսական ականազերծման աշխատանքների մասին։ Ռուս խաղաղապահները ականազերծման աշխատանքներ անում են միայն Արցախում և Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում։ Այսինքն, կրկին, նա կրկին Արցախն ակնարկում է որպես Հայաստանի տարածք։

Ինչ է սա նշանակում՝ իրականում չգիտենք։ Ոմանք ասում են, որ Պուտինը միգուցե ծերացել է։ Մյուսներն ասում են, որ Պուտինի նման գործիչը առանց չափել-ձևելու մի բառ անգամ չի արտաբերում, և սրանք հստակ սահամանազատիչ գծեր են։ Եվ Պուտինը սրանով հստակ ուղերձ է հղում Ադրբեջանին ու Թուրքիային, թե ինչ է ինքը մտածում Արցախի ու դրա կարգավիճակի մասին։

Մենք երբեք չենք իմանա՝ ինչ նկատի ունի նա, և չպետք է հույս դնենք նրա ասածների վրա։ Մենք պետք է վարենք այնպիսի քաղաքականություն և ունենանք այնպիսի բանակ, որ կախման մեջ չլինենք օտարների բարությունից։ Ուստի պետք է հաշվի առնել՝ ինչ է Պուտինն ասել, հասկանալ դա, բայց չշեղվել մեր գործողությունների ուղեծրից, որը ինպես բազմիցս եմ կրկնել, հետևյալն է՝ կառուցել պատշաճ պետություն, բանակ և տնտեսություն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել