ՄԻՊ-ը խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցով դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։

Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումները:

Արման Թաթոյանի հայտարարությունում ասվում է, որ խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։

Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումներին, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։ Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար»,- նշված է հայտարարության մեջ։

Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, անգամ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան ՄԻՊ-ի դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով․ «Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն)»։

Մեկնաբանել