Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ։ Կոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյանի ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի պաշտպանության բանակի զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է»,- նշված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Մեկնաբանել