Վարակակիրների թվերն աճում են, մահճակալները՝ վերջանում

Հոկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը 24 է, որից 12-ը գտնվում է Երևանում, 12-ը՝ մարզերում։ Ընդհանուր մահճակալային ֆոնդը 2 822 է, որից վերակենդանացման ծառայության համար նախատեսված է 418 մահճակալ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այպիսի տվյալներ փոխանցեց Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, հիվանդանոցային բժշկականության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։

«Հոսպիտալացված պացիենտների թիվը կազմում է 2 423, որից 408-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 1 933-ը թթվածին պահանջող պացիենտներ են, ծանր պացիենտների թիվը կազմում է 1 017, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 251 է, իսկ արհեստական շնչառության սարքերին միացված է 93 պացիենտ»,- հայտնեց Լիանա Բարսեղյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Գենադի Պալուզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «ամենաբարձր հիվանդացությունը վերջին 14 օրվա ընթացքում Երևան քաղաքում է գրանցվել, մարզերից առաջատարները Տավուշը, Վայոց Ձորը և Սյունիքն են»։

«Վերջին 14 օրվա ընթացքում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նոր դեպքերի թիվը աճել է 50 տոկոսով, մենք զգալի աճ ենք նկատում։ Հիմնական գերիշխող տարիքային խմբերը 40-60 տարեկան անձինք են, ևս մեկ ռիսկային խումբը 25-35 տարեկան երիտասարդներն են, ինչ վերաբերում է մանկապատանեկան տարիքային խմբերին, ապա մենք նույնպես ունենք հիվանդացության աճ»,- նշեց Գենադի Պալուզյանը։

Ըստ տեսակավորման կենտրոնի տրամադրած տեղեկությունների՝ հոսպիտալացման ցուցում ունեցող կորոնավիրուսային հիվանդության բազմաթիվ պացիենտներ կան, սակայն մահճակալների՝ զբաղված լինելու պատճառով հնարավոր չէ նրանց հոսպիտալացնել։ Հոսպիտալացվում են՝ ըստ ծանրության աստիճանի։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 146 նոր դեպք, այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ունենք 1 134 առողջացած, 42 մահվան դեպք:

Լիա Ավագյան

Մեկնաբանել