Ո՞րն է Արցախի ապագայի մեր տեսլականը

Գեղամ Բաղդասարյան

44-օրյա պատերազմը խառնել է բոլոր խաղաթղթերը, այդ թվում՝ երկու հայկական պետությունների հարաբերությունների մեր ունեցած պատկերացումներն ու պլանները, արցախյան կարգավորման տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ընդհանրապես՝ Արցախի հարցում մեր տեսլականը։

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ասում Արցախի ապագայի մասին, հանրությանը հայտնի չեն՝ նոր իրավիճակում իշխանություններն ունեն նոր մոտեցումներ, թե ոչ։ Պաշտոնական Երևանը հնարավորինս խուսափում է արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին խոսելուց, մեկ-մեկ էլ, երբ հնարավոր չէ խուսափել, հղում է անում ազգերի ինքնորոշման իրավունքին։ Իսկ հիմնականում զբաղվում է Արցախին առնչվող հումանիտար հարցերով ու այդ մասին էլ հիմնականում խոսում է։ Այս մոտեցումն ածանցյալ է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումից։ Կրեմլը գտնում է, որ վաղ է քաղաքական կարգավորմամբ զբաղվելը, ու ոչ միայն այն պատճառով, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն ավելի են բևեռացել, այլ որ հումանիտար հարցերի լուծումից ու իրավիճակի հնարավորինս կայունացումից հետո միայն կարելի է ձեռնամուխ լինել վերջնական քաղաքական կարգավորման։

Այս դիրքորոշումը չեն կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և ֆրանսիան։ Նրանք պարբերաբար ընդգծում են Արցախի կարգավիճակի կարևորությունը և դրա շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։ Բոլորն էլ ունեն տարածաշրջանային զարգացումների իրենց հստակ տեսլականն ու իրենց շահերի ընկալումն այդ տեսլականում։ Իսկ հայկական կողմերն ունե՞ն ընդհանրապես տեսլական և որքանո՞վ են դրանում արտացոլված մեր ժողովրդի շահերը։ Այս մասին կարելի է միայն ենթադրություններ անել՝ դատելով կոնկրետ քաղաքական գործիչների հայտարարություններից ու կարծիքներից։

Վերջերս մի քննարկման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովում իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանն ասել է․

«Մենք, հեռատես չլինելով, մերժեցինք անգամ, չգիտեմ, ամենամեծ ինքնավարությունը, որը Հեյդար Ալիևը մեզ խոստանում էր: Ենթադրում եմ, որ Հեյդար Ալիևի որդին, որը պակաս լավ խորհրդատուներ չունի, երբ որ այսօր ասում է՝ Ղարաբաղի հարց գոյություն չունի, վաղը մեծահոգաբար կհամաձայնվի ինչոր մի ինքնավարության: Եվ կլինի դա իր զիջումը՝ ինքնավարություն տալը: Դա է լինելու վերջը, ոչ թե անջատումը: Եվ բոլորը մեզ ասելու են՝ էլ ի՞նչ եք ուզում, մարդն ասում էր՝ ոչ մի Ղարաբաղի հարց, հիմա ասում է՝ ինքնավարություն: Էդ էլ չե՞ք ուզում…»:

Խաչատրյանը շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե իշխանության դիրքորշումը։ Թեև նույն քննարկման ժամանակ նույն իշխանական խմբակցության մեկ այլ անդամ՝ Գուրգեն Արսենյանը, մոտավորապես նույն տրամաբանության մեջ էր, ինչպես ասում են՝ նույն էջի վրա։ Արսենյանն էլ ասում էր․

«ՀՀ-ն միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ է։ Միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ լինելով՝ ունի աշխարհագրական կոորդինատներ՝ ճանաչված։ Չգիտես ինչու մեր հանրության համար այդ աշխարհագրական կոորդինատներն ընդունելի չեն։ Մենք ուզում ենք կոորդինատներն անընդհատ փոխել։ Իսկ կոորդինատների փոփոխության ժամանակ փոխվում է քո սուբյեկտայնությունը՝ կա՛մ փոքրանում են քո աշխարհագրական կոորդինատները, կա՛մ վերև բարձրանում, կա՛մ՝ աջ, կա՛մ՝ ձախ։ Սուբյեկտայնության հետ կապված մենք ռիսկերի ու էքսպերիմենտների պատրաստ չենք»։

Իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մելքոնյանը, պատասխանելով Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել է․

«Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ․․․ Ղարաբաղի անվտանգությունն իրենք են, երաշխավորը ռուսներն են անվտանգության: Այս հարցերը պիտի ռուսներին տանք, թե ինչի սենց եղավ»:

Այս երեք մեջբերումները խոսում են Արցախի հարցում ՀՀ իշխանությունների ոչ միայն շփոթվածության ու ֆրուստրացիայի, այլև նոր իրողություններում նոր մոտեցումներ մշակելու անկարողության, միգուցե նաև ցանկության բացակայության մասին։ Պատերազմից հետո ինքնիշխանության մնացյալ ռեսուրսների կորստի վտանգը ստիպել է լիովին տրվել իրադարձությունների զարգացման առկա ընթացքին և կոտրել հոսանքին հակառակ գնալու կամքը։

Արցախի իշխանությունները նույնպես հոդաբաշխ ոչինչ չեն ասում հիմնախնդրի քաղաքական կարգավորման ու Արցախի կարգավիճակի իրենց պատկերացումների ու տեսլականի մասին։ Հատուկենտ ասածն էլ պաթոսային տրամադրություններ են ու հայրենասիրական կոչեր՝ իրենց հողում ապրելու արցախցիների իրավունքի ու կամքի մասին։ Ոչ մի նոր գաղափար։ Կատարվածի ոչ մի սկզբունքային գնահատական։ Ապագայի թեմայով ոչ մի հանրային քննարկում։ Դարձյալ՝ միայն հումանիտար հարցեր։

Երկու իշխանությունների ոչ հրապարակային-անդրկուլիսյան օրակարգի առաջին ու գլխավոր հարցը իշխանության պահպանումն է, կատարվածի համար արդարացումներ գտնելն ու «պարզաջրվելը», մնացյալն ածանցյալ է։

Իրար հետ համագործակցում են նաև երկու հայկական պետությունների խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Նրանք էլ իրենց առանձին օրակարգն ունեն։ Այդ օրակարգի առաջին ու գլխավոր հարցն իշխանափոխությունն է, իշխանության հասնելը։ Մնացյալն ածանցյալ է։ Ընդդիմությունը թե՛ Ստեփանակերտում և թե՛ Երևանում ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում կատարվածի սկզբունքային քաղաքական գնահատականի, քաղաքական նոր դիսկուրսի ու քաղաքական նոր օրակարգի ձևավորման և դրանց շուրջ հանրության առողջ ուժերի, ինչպես նաև սփյուռքի կարող ու շահագրգիռ շրջանակների հետ համագործակցության նկատմամբ։

Ու ստեղծվել է մի բավական տխուր պատկեր․ թե՛ իշխանությունների և թե՛ ընդդիմությունների օրակարգերը շատ քիչ առնչություն ունեն հանրային, ազգային-պետական օրակարգի հետ։ Ավելին՝ այդ հատվածային օրակարգերն էլ խանգարում են հանրային օրակարգ ձևավորելուն, քանի որ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը փորձում են իրենց օրակարգը ներկայացնել որպես հանրային օրակարգ։

Ասել է թե՝ քաղաքական նոր դիսկուրսի, նոր օրակարգի ձևավորման հարցում իշխանության և ընդդիմության հետ առանձնապես հույս կապել պետք չէ։ Ահա այստեղ է, որ երիցս կարևորվում է քաղաքացիական հասարակության դերը երկու հանրություններում էլ։ Քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքացիական շարժումների դերը։ Ընդհանրապես՝ առողջ, կառուցողական, հայրենանվեր բոլոր ուժերի դերը։ Երկու հանրությունները պետք է կարողանան ինքնակազմակերպման ու համագործակցության նոր մեխանիզմներ ու հարթակներ գտնել։ Նախաձեռնեն քաղաքական նոր օրակարգի ձևավորման և դրա շուրջ հանրային կոնսենսուսի ձեռքբերման գործընթաց։ Ու հանրային հնարավորինս կոնսենսուսով ամրագրված նոր օրակարգը պարտադրեն քաղաքական իշխանությանը։ Որն էլ այլ ելք չի ունենա՝ կա՛մ պիտի ընդունի այն, կա՛մ էլ տեղը զիջի նոր օրակարգի շարժիչ ուժին։

Այլ ելք չեմ տեսնում։ Այլ ելքն օտար ուժի օրակարգի անվերապահ ընդունումն է, իր բոլոր՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով։

Մեկնաբանել