Էրդողանը պահանջել է արտաքսել արևմտյան տասը դեսպանների, Թուրքիայի ԱԳՆ-ն չի շտապում

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է արտաքսել Միացյալ Նահանգների և արևմտյան ինը երկրների դեսպանների՝ հասարակական գործիչ և բարերար Օսման Քավալային ազատ արձակելու նրանց պահանջից հետո։ Թուրքիայում համապատասխան դեսպանությունները այդ երկրի ԱԳՆ-ից դեռ ոչինչ չեն ստացել հնարավոր արտաքսման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

Յոթ դեսպանները ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակից երկրներից են, և եթե տեղի ունենա նրանց արտաքսումը, այն ամենամեծ անջրպետը կբացի Արևմուտքի և Էրդողանի միջև վերջինիս կառավարման 19 տարիների ընթացքում:

Քավալան ՝ քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի անդամ, արդեն չորս տարի բանտում է՝ Թուրքիայում 2013-ի համազգային բողոքի ցույցերի ֆինանսավորման և 2016-ին ձախողված պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքներով: Նա շարունակում է մնալ կալանքի տակ և հերքում է մեղադրանքները:

Հոկտեմբերի 18-ի համատեղ հայտարարությունում Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Նահանգների դեսպանները Քավալայի գործի արդարացի և շուտափույթ լուծման և նրա «անհապաղ ազատ արձակման» կոչ են արել: Համատեղ կոչից հետո դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որն այդ հայտարարությունը որակել է «անպատասխանատու»։

«Ես անհրաժեշտ հրահանգ եմ տվել մեր արտգործնախարարին և ասել եմ, որ պետք է այդ տասը դեսպանները միանգամից պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարվեն։ Անմիջապես այդ հարցը լուծեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում։

«Նրանք կճանաչեն և կհասկանան Թուրքիային։ Այն օրը, երբ նրանք չճանաչեն և չհասկանան Թուրքիային, պետք է հեռանան»,- ասել է նա ամբոխի հավանության բացականչությունների ներքո։

Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունները և Սպիտակ տունը անմիջապես չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանությունների խնդրանքին: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք տեղյակ են այդ հաղորդագրությունների մասին, և պարզություն են ակնկալում Թուրքիայի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա հանգստյան օրերին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Հռոմում աշխարհի խոշորագույն տնտեսությունների (G20) խմբի գագաթնաժողովում:

Դիվանագիտական մի աղբյուր ասել է, որ լարվածությունը հնարավոր է թուլացնել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այժմ շատ հստակ շարադրել է իր դիրքորոշումը, և հաշվի առնելով G20-ի գագաթնաժողովի և Գլազգոյում ամսվա վերջին մեկնարկելիք ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի նախաշեմին նման քայլի հնարավոր դիվանագիտական հետևանքները:

«Դեսպանություններին որևէ հրահանգ չի տրվել»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, թե հնարավոր է, որ որոշումը ընդունվի երկուշաբթի Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում:

Նորվեգիան հայտարարել է, որ իր դեսպանը որևէ ծանուցում չի ստացել Թուրքիայի իշխանություններից։

«Մեր դեսպանը ոչինչ չի արել, որ կարող է հանգեցնել նրա արտաքսմանը»,- հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ խոսնակ Թրուդ Մասեյդեն՝ հավելելով, որ Թուրքիան քաջատեղյակ է Նորվեգիայի հայացքների մասին:

«Մենք շարունակելու ենք Թուրքիային կոչ անել պահպանել ժողովրդավարական չափանիշներն ու օրենքի գերակայությունը, որոնք նա ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան»,- ասել է Մասեյդեն:

Մեկնաբանել