Արցախում հաջորդ տարի 2 500 բնակարան կհանձնվի շահագործման․ նախարար

2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 16 000 արցախցիներից 10 000-ը Ստեփանակերտում է ապրում, հայտարարել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նա նշել է, որ 2022-ին 2 500-ից ավելի բնակարան կհանձնվի շահագործման:

«Դա պայմանավորված է Ստեփանակերտի մեծ բնակֆոնդով: Բնակության համար նորմալ պայմաններ չկան, այնպես չէ, որ Մարտակերտում կամ Մաղավուզում ազատ բնակարանները մնում են դատարկ»,- Արցախի հանրային հեռուստատեսության «Օրակարգ» հաղորդման ժամանակ ասել է Հայկ Խանումյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե տեղահանվածներից շատերը ցանկանում են Ստեփանակերտում բնակություն հաստատել:

Նախարարը նաև ասել է, որ Ստեփանակերտից հետո տեղահանվածները առավել շատ դեպի Մարտակերտ են եկել. «Խաչենի հովտի բնակիչները գնացել են դեպի Վանքի հովիտ: Թվում է, թե Ասկերանում պիտի ամենաշատը լինեին, բայց տեղահանվածները ամենաշատը դեպի Մարտակերտ են գնացել, երկրորդ տեղում Ասկերանն է, որը նաև կարող են պայմանվորել քաղաքին [Ստեփանակերտին – խմբ․] մոտիկ լինելու հանգամանքով: Երրորդ տեղում Մարտունին է․ կարծում եմ՝ Մարտունին երկու ամիս կորցրեց [տեղահանվածների տեղավորելու հարցում – խմբ․] էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով:

Խանումյանի ընդդիմախոս Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ վերջին հաշվով՝ որոշումը քաղաքացունն է, պարտադրանք այս առումով չկա. «Պետությունը առաջարկում է, քաղաքացին՝ որոշում է ընդունում: Իհարկե, ցանկալի կլինի, որ քաղաքացիները գյուղական համայնքներում բնակվեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ մարդիկ հիմնականում տեղահանվել են գյուղական բնակավայրերից: Եվ նրանց աշխատանքի հիմնական զբաղվածությունը տնտեսական ոլորտն էր, և շատ ավելի հեշտ կլինի նրանց ինտեգրացիան գյուղական համայքներում, քան, օրինակ, քաղաքաին համայնքներում»:

Հաղորդման սկզբում Հայկ Խանումյանը ներկացրել է Արցախ վերադարձած տեղահանվածների տվյալները: Ըստ նախարարի տվյալների՝ 38 284 տեղահանված անձ կա: Մոտավորապես 2500 մարդ չի կարողանում վերադառնալ իրենց բնակավայր, այդ համայնքներն են՝ Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս, որոնք գնտվում են Լաչինի միջանցքում:

«Ընդհանուր՝ 41 500 բռնի տեղահանված մարդ կա: Մոտավորապես 16 000 վերադարձած ունենք, որից 10 000-ը Ստեփանակերտում է, իսկ 6-ը՝ շրջաններում: Հադրութի շրջանից 40 տոկոս վերադարձած ունենք, 55 տոկոսը դեռ գտնվում է ՀՀ-ում, 5 տոկոսը այլ երկիր է գնացել: Ասկերանի գյուղերից 80 տոկոսն է վերադարձել, նաև Մարտակերտի և Մարտունու տեղահանված անձինք: Ցածր ցուցանիշներ ունենք Շահումյանից և Քաշաթաղից՝ 10-15 տոկոսի հասնող»,- ասել է Խանումյանը:

Ինչ վերաբերում է տեղահանվածների համար կառուցվող բնակարաններին, նախարարը նշել է, որ հարցերին ավելի ճիշտ պատասխան կտա քաղաքաշինության նախարարը։ Այդուհանդերձ նա ներկայացրել է որոշ տվյալներ. «Մինչև տարեվերջ 300 բնակարան պատրաստ կլինի Ստեփանակերտում և մյուս տարի բազմաթիվ սկսված շինհարթակներ ունենք՝ բնակավայր է ստեղծվում Ասկերանի չորս գյուղում, շուտով կսկսվի Ակնաղբյուր գյուղի համար բնակավայրի կառուցումը, ստեղծվում է Ավետարանոց գյուղի համար բնակավայր: Քարինտակի համար է սկսվել, շուտով Դրախտիկի ու Ազոխի համար կսկսվի, Տող գյուղինն է սկսված, առաջիկայում՝ Տումի, Ջրակուս, Ծակուռի և Մայրամաձոր համայնքների համար կսկսվեն շինարարությունները: Քանի՞ տարի կտևի: Ենթադրում եմ առնվազն 1,5 տարի մինչև ամբողջ բնակավայրը կառուցվի: Կարծում եմ մյուս տարի 2500-ից ավելի բնակարան պիտի հանձնեք»:

Մեկնաբանել