Հյուսիս-Հարավ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի Ֆեյսբուքի էջից

Հոկտեմբերի 20-ին Հյուսիս-Հարավ ճանապարհին մարդատար «Գազելի» մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է, հաղորդում է Ոստիկանությունը։

«Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էր, 13 վիրավոր հոսպիտալացվել էր:

Տուժածներից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Մեկնաբանել