Պոզով ու պոչով կոռուպցիայից մինչև պատվաստման հետևանքով ծնված պոչավոր երեխաներ. «Շաբաթվա ֆեյքերը»

Տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր խոսում այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները տենդերներ են շահում։

«Էդքան խոսում են կոռուպցիայից, բա ձեզ թվում է կոռուպցիան պոզով – պոչով մեծ կենդանի՞ է, էս է կոռուպցիան», – մի առիթով մատնանշել էր ընդդիմադիր պատգամավորը։

Եվ ահա՝ թարմ օրինակ․ դեռ օգոստոսի 26-ին ՍիվիլՆեթը ծավալուն հոդված էր հրապարակել այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Թեմային անդրադարձել էին նաև «Փաստերի ստուգման հարթակն» ու «Հետքը» և հավելյալ ուշագրավ բացահայտումներ էին արել այդ ընկերությունների սեփականատերերի, շահած տենդերների մասին։

Անցած շաբաթ էլ Factor TV-ի լրագրողը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց իր եղբոր մասին։

Factor TV – Դուք հերքո՞ւմ եք, որ Ձեր եղբայրը ասֆալտապատման գործարանի տնօրենն է, և այդ գործարանը շահել է խոշոր մրցույթ։

Ալեն Սիմոնյան – Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը։ Իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում։ Որպես տնօրեն է աշխատում․․․ կարող էր որպես հաշվապահ աշխատել, բայց սեփականատիրության հետ․․․ իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից որևիցե ձևով ոչ ավելանալու է, ոչ իջնելու է։

Նույն այս ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը պնդել էր, թե իր եղբոր ղեկավարած ընկերության մասին գրում է դեղին մամուլը կամ ինչ-որ մի ֆեյսբուքյան օգտատեր, հայտարարել էր, թե եղբայրը այդ ընկերությունների սեփականատերը չէ, իսկ տենդերներում շահել է այն կազմակերպությունը, որը ամենաէժան գինն է առաջարկել։

Մատնանշենք, որ թեմային անդրադարձած և վերևում թվարկածս լրատվամիջոցներից որևէ մեկը չի կարող դեղին մամուլ համարվել, Ալեն Սիմոնյանի պնդումը «ֆեյսբուքյան ինչ-որ մի օգտատիրոջ» մասին պարզ մանիպուլյացիա է, իսկ տենդերների ու պոզով-պոչով կոռուպցիայի մասին ժամանակին ամենից լավ արտահայտվել է այժմ արդեն իշխող քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

***

Մեկ այլ պոչավոր թեմայի անդրադառնանք։ Մեդիա․ամ-ը գրում է, որ հոկտեմբերի սկզբից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում շրջանառվեց մի գրառում այն մասին, թե COVID-19-ի դեմ պատվաստված կանանցից ծնվում են «գենետիկ փոփոխված երեխաներ»՝ մորթով, երեք ձեռքով, չորս ոտքով ու նույնիսկ պոչով։

Գրառումն ուղեկցվում էր համապատասխան պատկերներով՝ թուրքական Beyaz հեռուստաընկերության տարբերանշանով։ Դրա մեջ պատկերված տղամարդը թուրք պահպանողական քաղաքական գործիչ Ֆատիհ Էրբականն է։ Ավելի վաղ նրա հայտարարությունը՝ պոչավոր երեխաների մասին, լայնորեն տարածվել էլ թուրքական մամուլում։ Մեդիա․ամ-ի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրել է այս կեղծ լուրն ու արձանագրել՝ նախ՝ որևէ գիտական տվյալ չկա այն մասին, որ Moderna-ից և Pfizer-ից հետո կարող են նման գենետիկ մուտացիաներով երեխաներ ծնվել։ Բացի այդ՝ քաղաքական գործչի պնդումների կեղծ լինելու մեջ կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով նրա ցույց տված «գենետիկ փոփոխված» երեխաների նկարները։ Դա ոչ թե իրական լուսանկար է, այլ խմբագրված պատկեր, որի հեղինակն է Լարի Դանսթընը: Ընդ որում՝ այն համացանցում շրջանառվում է դեռ 2015 թվականից։

Այս պատմությունը թերևս կարող էր ծիծաղի առարկա լինել, եթե ամեն ինչ այդքան լուրջ չլիներ․ COVID-19-ից հիվանդացության ցուցանիշները Հայաստանում շարունակում են աճել, իսկ պատվաստումների շուրջ քաղաքական շահարկումներն ու այսօրինակ կեղծ լուրերը է՛լ ավելի են վատթարացնում իրավիճակը։

***

Իսկ հայ հանրությունը պատրաստակամությամբ կուլ է տալիս ամեն տեսակ ապատեղեկատվություն՝ ներքաղաքականից մինչև առողջապահություն և տարածաշրջան։

Հոկտեմբերի 5-ին հայկական մեդիայում տեղեկություններ տարածվեցին Կասպից ծովում Իրանի նավատորմի կողմից անցկացվող վարժանքների մասին։ Yerkir.am կայքը, հղում անելով ռուսալեզու Военное обозрение տելեգրամյան ալիքին, գրել էր, որ Իրանը Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում տեղակայել է մինչեւ 4 000 արագընթաց նավ՝ ծանր գնդացիրներով, իսկ 24TVհարցազրույց էր հրապարակել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ, որը պնդել էր, թե Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են իրանական 4 000 նավակների մասին տեղեկատվությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել էր ադրբեջանական աղբյուրները, սակայն չէր գտել որևէ պաշտոնական հայտարարություն կամ աղբյուր 4 000 նավերի կամ նավակների մասին։ Իրանական կողմից ևս Կասպից ծովում անցկացվող որևէ զորավարժության մասին հայտարարություն չի արվել։ Իսկ այս տեղեկությունների սկզբնաղբյուր դարձած Военное обозрение տելեգրամյան ալիքի համանուն ֆեյսբուքյան էջում Փաստերի ստուգման հարթակը հայտնաբերել էր մի տեսանյութ, որը շրջանառել էին որոշ տելեգրամյան ալիքներ և որը վերագրվում էր Կասպից ծովի զորավարժություններին։ Հետազոտողները, սակայն, պարզել էին, որ այդ տեսանյութը արվել է դեռևս 2021 թ. փետրվարին Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբասի նավահանգստում։ Այլ կերպ ասած՝ այն որևէ կապ չունի Կասպից ծովի հետ։ Ընդ որում՝ տեսանյութում ընդամենը 340 մոտորանավ է, այլ ոչ թե 4000։

Մեկնաբանել