2022-ի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով․ Փաշինյան

Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին ներկայացրել է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին իր մոտեցումները և հիմնական ուղերձները: Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում:

Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ:

«Այսօր ներկայացնում ենք Կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է 2021-ի համար աճի տեսանկյունից արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- ասել է վարչապետը:

2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով:

Մեկնաբանել