Հայաստանում տնտեսական աճի տեմպը շարունակում է դանդաղել

Տնտեսական աճի տեմպը Հայաստանում շարունակում է դանդաղել: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահայտվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4,4%-ով: Սակայն այն նվազ է այս տարվա հունվար-օգոստոս և հունվար-հուլիս ամիսներին գրանցած ցուցանիշից՝ 4,9% և 5,2%:

Տնտեսական ակտիվության աճի տեմպը հատկապես սկսել է դանդաղել վերջին երեք ամիսներին: Այս միտումը մասնագետների կարծիքով պայմանավորված է անցյալ տարի հայտարարված լոկդաունի ժամկետի ավարտով ու աճի բազայի մեծացմամբ:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 6,4%
  • առևտրի շրջանառություն` 6,4%
  • ծառայություններ՝ 5,4%
  • արդյունաբերական արտադրանք՝ 0,7%
  • էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 2,7%:

Գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել՝ 1,5%։

Հունվար-օգոստոսին արտահանումն աճել է 17,2%-ով, ներմուծումը՝ 9,4%-ով:

Համաձայն հրապարակված տվյալների՝ 2021թ. սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 12,6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 2,4%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 6,7%-ով: