Առողջապահության նախարարությունն առաջարկում է մեկ շաբաթով երկարաձգել դպրոցական արձակուրդը

Առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցների համար առաջարկվել է, որ արձակուրդի ժամկետը մեկ շաբաթով երկարաձգվի»,- հայտնեց Խաչատրյանը:

Դպրոցներում աշնանային արձակուրդները մեկնարկել էին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, և տևելու էին մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Այժմ առաջարկվում է ևս մեկ շաբաթով երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը։

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հայաստանում հոկտեմբերի 24-ին կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 184 նոր դեպք։ Մեկ օրում առողջացել է 1 221 մարդ, արձանագրվել է մահվան 42 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ:

Մեկնաբանել