Վրաստանի վարչապետը «թույլ չի տա» անցնել պարտադիր պատվաստման

irakli gharibashvili

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է, որ երկիրը կանցնի COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման, չնայած տեղական առողջապահական մարմինները պահանջում են, որ որոշակի խմբերի համար պատվաստումը լինի պարտադիր։

Կիրակի լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ որպես COVID-19-ի դեմ պայքարի Համակարգող խորհրդի նախագահ և որպես վարչապետ՝ «թույլ չի տա», որ երկիրն անցնի պարտադիր պատվաստման։

Նրա մեկնաբանությունները հաջորդում են տեղական առողջապահական մարմինների զգուշացումներին այն մասին, որ երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքն է տարածվում՝ օգոստոսի վերջից ի վեր վարակման ամենաբարձր ցուցանիշներով: Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակման նոր դեպքերի 7-օրյա միջին տվյալներով կիրակիի դրությամբ Վրաստանն աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Մինչ այժմ բնակչության ընդամենը 32%-ն է ամբողջությամբ պատվաստվել։

Ղարիբաշվիլին ասել է, որ «չպետք է ստիպենք» մարդկանց պատվաստվել: «Սա շատ կարևոր է. մենք պետք է համոզենք նրանց, որ պատվաստումն այս համաճարակի դեմ պայքարի միակ լուծումն է»,- ասել է նա։

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն ընդգծել է, որ կառավարությունը պետք է «հնարավորինս ձեռնպահ մնա հարկադրանքի ցանկացած միջոցներից», բայցևայնպես ասել է, որ ոչ ոք միայնակ չպետք է որոշում կայացնի այդ հարցում։

«Մենք դա կքննարկենք Համակարգող խորհրդում, այնուհետև համատեղ որոշում կկայացնենք»,- ասել է նա։

Տիկարաձեն ավելի վաղ հորդորել էր Ղարիբաշվիլիին, որ ինքը նույնպես պատվաստվի: Վարչապետը Pfizer պատվաստանյութի իր առաջին չափաբաժինն ստացել է օգոստոսի 8-ին, երբ արդեն շարունակական ճնշում էր բանեցվում նրա վրա, որպեսզի պատվաստվի։

Ե՛վ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, և՛ Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հանդես են եկել մի քանի խմբերի համար պարտադիր պատվաստումների օգտին։

Առողջապահության ոլորտի բարձրաստիճան այս երկու պաշտոնյաները կիրակի հանդես են եկել հայտարարություններով, որ պատվաստումները պետք է պարտադիր լինեն բուժաշխատողների և ուսուցիչների, ինչպես նաև հղիների համար:

Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում և Ադրբեջանում պատվաստումը պարտադիր է արդեն մի քանի շաբաթ:

Հայաստանում, որը պատվաստումների քանակով մինչև վերջերս հետ էր մնում, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Այն պահանջում է, որ աշխատակիցների մեծ մասը կա՛մ պատվաստվի, կա՛մ երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնի և ներկայացնի թեստի պատասխանը: Առողջապահության նախարարությունը նաև հայտարարել է, որ շուտով սրճարաններ, ռեստորաններ և հասարակական այլ վայրեր մուտք գործելու համար կպահանջվեն պատվաստված լինելը հավաստող վկայականները կամ ՊՇՌ թեստերի պատասխանները:Ադրբեջանում պետական ոլորտի աշխատողների համար պատվաստվելը պարտադիր է դարձել սեպտեմբերի 1-ից։

Մեկնաբանել