Էրդողանը հրաժարվել է տասը դեսպաններին արտաքսելու մտքից

Էրդողան

Հոկտեմբերի 25-ին Էրդողանը հրաժարվել է տասը երկրների դեսպաններին Թուրքիայից արտաքսելու մտքից։

Թուրքիայի ղեկավարն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջում հայտնվել է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին հավատարիմ լինելու մասին հայտարարությունը։

Կոնվենցիայի այդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ տվյալ երկրում հավատարմագրված անձինք պետք է հարգեն ընդունող կողմի օրենքներն ու չմիջամտեն նրա ներքին գործերին: Միացյալ Նահանգների դեսպանությունից բացի, 41-րդ հոդվածն են հիշատակել նաև ինը երկրների դեսպաննություններ:

Եվրոպական երկրների այդ գործողությունը թուրքական մամուլում «հետքայլ» է որակվել, իսկ Թուրքիայի նախագահականի աղբյուրների տեղեկություններով՝ Էրդողանը դրան դրական է վերաբերվել:

Դիվանագիտական լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում հավատարմագրված տասը երկրների՝ Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Կանադայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ազատ արձակել հասարակական գործիչ Օսման Քավալային և կասկածի տակ դրել Թուրքիայի դատական համակարգի անաչառությունը։

Էրդողանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը «ժամ առաջ լուծել դեսպաններին պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ հայտարարելու գործընթացը»։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել