Կյանքը մետաղե ձեռքերով․ Արտյոմ Առաքելյանի պատմությունը

Արտյոմ Առաքելյան

Արմինե Ավետիսյան, OC Media

Երեսնամյա լեզվաբան, թարգմանիչ Արտյոմ Առաքելյանը տասներկու տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է ձեռքերը։ Թեև հաշմանդամությունը նրան հոգեբանական ցավ է պատճառել, դա չի խանգարել նրան դառնալու թարգմանիչ, ֆուտբոլի մարզիչ և դաշնակահար՝ սիրողական մակարդակում։


– Ես ապրում եմ Երևանում՝ մորս, քրոջս և եղբորս հետ։ Աշխատում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ֆուտբոլի մասսայականացման աշխատանքների համակարգող։ Աշխատանքիս հետ մեկտեղ նաև մարզվում եմ, ֆուտբոլ եմ խաղում, հեծանիվ եմ քշում և լողում։ Անցյալ տարի կարանտինի ժամանակ, երբ փակված էինք տանը, առցանց դասերի օգնությամբ դաշնամուր նվագել սովորեցի։ Սիրում եմ ինձ փորձել տարբեր ոլորտներում։ Հիմա փորձում եմ մեքենա վարել սովորել։ Այն ամենը, ինչ թվարկեցի, հեշտությամբ չի ստացվել ինձ մոտ: Միայն մեծ վախը հաղթահարելուց հետո ես կարողացա հեծանիվ նստել կամ մտնել ջուրը։ Եվ երբ հաղթահարեցի սեփական վախը, ես հաղթանակ տարա ինքս իմ նկատմամբ, և այդ ձեռքբերումն ինձ համար էլ ավելի թանկ դարձավ։

Ես 12 տարեկան էի, երբ ընկերներիս հետ մտանք էլեկտրական ենթակայան։ Ես նաև չարաճճի երեխա էի։ Հորս կորցրել եմ վեց տարեկանում, և, հավանաբար, հորս բացակայության պատճառով էր, որ արկածներ էի փնտրում։

Ես հոսանքահարվեցի, կորցրի ձեռքերս […] Սկզբում հոգեբանական լուրջ խնդիրներ ունեի, դժվար էր նույնիսկ պրոթեզ կրելը։ Բայց ես փոքր տղա էի, և իմ ընտանիքն ասաց, որ պետք է կրեմ դրանք, ու սկսեցի կրել պրոթեզները, վերջ: Որքան մեծանում ես, այդքան ավելի դժվար է լինում հոգեբանական այդ բարդույթը հաղթահարելը։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք հրաժարվում են պրոթեզ կրելուց կամ անվասայլակից օգտվելուց։ Դա հոգեբանական խնդիր է, որը թեև դժվար է, բայց պետք է հաղթահարել։

Պետք չէ թերագնահատել պրոթեզի նշանակությունը։

Արտյոմի պրոթեզները. լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի/OC Media։

Արտյոմ Առաքելյանը։ Լուսանկարը՝ նրա արխիվից։

Այդ դժբախտ պատահարից անմիջապես հետո ես սկսեցի դա միշտ տեսնել իմ երազներում։ Չէի կարողանում քնել: Դժվար էր դպրոց գնալը, դասընկերներս խուսափում էին ինձնից։ Հաճախ իմ ուսուցիչներն էին շփոթվում և չգիտեին ինչպես արձագանքել ինձ։

Օգնության հասավ մեր դպրոցի տնօրենը։ Նա պնդեց, որ ես պետք է շարունակեմ ուսումս և դպրոց գնալս։

Դպրոցի բակում նույնպես խնդիր կար։ Սկզբում, երբ դուրս էի գալիս, ծանոթ երեխաները խուսափում էին ինձ հետ շփվելուց և, ինձ տեսնելիս, փախչում էին, կարծես ինչ-որ անհասկանալի հրեշ լինեի։ Ես դարձա ինքնամփոփ, այլևս չէի շփվում մարդկանց հետ։

Հիմա արդեն շատ վախեր եմ հաղթահարել, բայց դեռ կան հոգեբանական խնդիրներ, և տրավման իր անջնջելի հետքն է թողել։ Անկեղծ ասած, լինում են պահեր, երբ լարված եմ, տխուր, վրդովված և ամաչում եմ։

Ամեն անգամ, երբ ինչ-որ բան պետք է անեի, միշտ դա թողնում էի «հետո»-ի։ Սպասում էի, որ «հետո»-ն կգա, և ավելի լավ կլինի։ Բայց այդ «հետո»-ն չեկավ, և ժամանակս պարզապես անցնում էր։ Երբ ազնիվ ես ինքդ քեզ հետ, գիտակցում ես, որ դա գործելու և ապրելու պահն է, քանի որ այդ «հետո»-ն կարող է չգալ, և կյանքը կանցնի ու կավարտվի։

2008 թ․ ընդունվել եմ Բրյուսովի անվան պետական ​​լեզվաբանական համալսարան։ Մասնագիտությամբ լեզվաբան եմ։ Մասնագիտությունս ընտրել եմ ընտանիքիս խորհրդով։ Տատիկս ասում էր՝ քանի որ ֆիզիկական աշխատանք չես կարող անել, ընտրիր մտավորը։ Համալսարանում կյանքն ավելի հեշտ է։ Սկզբում դժվար էր դասախոսություն գրելը, բայց սովորեցի։ Իհարկե, դժվար էր, բայց ոչ անհաղթահարելի։ Ես մարդ եմ, որը չի սիրում գնալ, ինչ-որ մեկին մոտենալ և ասել՝ գիտե՞ս, ես խնդիր ունեմ, ես չեմ կարող այսինչ բանն անել: Միշտ փորձում եմ լռության մեջ հաղթահարել իմ խնդիրը։

Կրթություն ստանալուց հետո ես ֆրիլանս աշխատանք եմ արել, իսկ այժմ անգլերենի թարգմանիչ եմ։

Արտյոմն աշխատում է իր համակարգչով, լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի/OC Media։

Սիրում եմ մարդկանց հետ շփվել, ճանապարհորդել։ Կարճ ժամանակ ապրել եմ Գերմանիայում, որտեղ անցել եմ վերականգնողական շրջանը։ Բայց չեմ պատկերացնում ինձ դրսում ապրելիս։ Ես սիրում եմ իմ երկիրը։ Սիրում եմ իմ ներկայիս աշխատանքը: Եվ ծրագրեր ունեմ ֆուտբոլի հետ կապված. այն ամենից, ինչ անում եմ, մարզչական աշխատանքն իմ ամենասիրելին է։

Ես դեռ չեմ դասավորել անձնական կյանքս. երևի դեռ չեմ գտել նրան, ում հետ կապրեմ ողջ կյանքս։ Ուզում եմ ստեղծել իմ ընտանիքը և երեխաներ ունենալ։ Շատ եմ սիրում երեխաներ։

Ինձ երբեմն ասում են, որ ես մոտիվացիայի աղբյուր եմ, որ երախտապարտ են ինձ, որ ես օրինակելի եմ։ Ո՛չ, ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ անում, պարզապես ապրում եմ, հարմարվել եմ իմ մետաղական ձեռքերին և ապրում եմ։ Իհարկե, ես դեմ չեմ դիմացինին մոտիվացնելուն, ես օգնում եմ, դա հաճելի է, բայց ինչ էլ որ անեմ, հատուկ ներկայացում չեմ սարքում դրանից, հատուկ չեմ անում որևէ մեկին մոտիվացնելու համար։ Առաջին հերթին ես դա անում եմ ինձ համար։ Եվ ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահում ասելու մեկ այլ մարդու, որ եթե ես կարող եմ դա անել, ապա նրանք նույնպես պետք է կարողանան, միայն այն պատճառով, որ ձեռքեր ունեն: Սխալ է այդպես ասելը։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե դիմացինն ինչ խնդիրներ ունի և ինչ տառապանքների միջով է անցնում։

Մենք ապրում ենք հնարավորությունների դարաշրջանում։ Այսօր անհնարին գրեթե ոչինչ չկա։ Անկախ մեր առջև ծառացած խնդիրներից, մենք պետք է վերագտնենք ինքներս մեզ և ապրենք։ Կյանքն անցնում է, և այսօրվա հնարավորությունները վաղը չեն լինի, ինչպես անցյալի հնարավորությունները չկան այսօր։ Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ և ձեր որոշումներին: Առջևում արևոտ օրեր են սպասվում և հանդիպումներ շատ լավ մարդկանց հետ: Կյանքը շարունակվում է, միշտ։

Մեկնաբանել