Հայաստանում կբացվի Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակություն

Երևանում կբացվի Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետություն) նստավայր առաքելական նվիրակություն։ Այս մասին Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ մամուլի համար հայտարարությանն ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ»,- նշեց նա։

Միրզոյանը հայտնեց, որ Էդգար Պենյա Պառայի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ և պատրաստակամություն հայտնել խորացնելու Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունները։

«Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում և անցյալ տարին այս առումով ևս բացառություն չէր։ Մեզ համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել