Աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։ Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:
Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա: