Պաշտոնյաներն Արցախում կլինեն՝ «ըստ անհրաժեշտության», ասել է Պապիկյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 27-ին կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարության անդամները պատերազմից հետո չեն այցելում Արցախ։

«Ինչո՞ւ մինչև հիմա չեք գնացել Արցախի Հանրապետություն, պատրա՞ստ եք գնալ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հարցրեց Վարդանյանը կառավարությանը՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից հետո 15 անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված տարածքներ։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ միայն ասելով, որ «բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել ու լինում են Արցախում ու անհրաժեշտության դեպքում կլինեն»։

Օգոստոսի վերջին ՍիվիլՆեթն անդրադարձել էր հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելում Արցախ։ Կառավարությունից պատասխանել էին, որ «ՀՀ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ տրվում է պատշաճ տեղեկատվություն»։

Մեկնաբանել