«Այդ բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ»․ Միրզոյանը՝ հնարավոր եռակողմ փաստաթղթի մասին

Ararat Mirzoyan National Assembly

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, ասաց․ «Տարբեր ֆորմատներով այդպիսի հանդիպումների առաջարկներ կան», բայց «այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ»։

«Եվ այս պահին, և ընդհանրապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,- ասաց Միրզոյանը։

Արտգործնախարարը, սակայն, հերքեց մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրումը. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»։

***

Հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիք Մեդիա լրատվական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Մեկնաբանել