Հայաստանը 13,5 միլիարդ դրամի չափով գրեթե անտոկոս վարկ կտրամադրի Արցախին

Հայաստանի կառավարությունը գրեթե անտոկոս վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը՝ 13,5 միլիարդ դրամի չափով։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում։

Կառավարությունն այդ միջոցները տրամադրելու է Արցախին՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի համար։ Բացի այդ, նշված գումարից կփոխհատուցվեն բնակչության էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերը։

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին հարցի քննարկման ժամանակ ասաց՝ աջակցության ծրագիրը պետք է փոխվի զարգացման ծրագրերի։ Նրա խոսքով՝ 2020-ի համեմատ Արցախի կառավարության հարկային մուտքերն աճել են։

Ինչպես կառավարության նիստին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020-ից առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն:

Որոշման նախագիծը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից և միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Մեկնաբանել