Եվրամիությունը կճանաչի Հայաստանում տրվող COVID-19 վկայագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Եվրոպական հանձնաժողովը երկու որոշում է ընդունել, որոնցով հավաստում է, որ COVID-19 դեմ պատվաստման վկայագրերը, որոնք տրվում են Հայաստանում և Միացյալ Թագավորությունում, համարժեք են Եվրամիության COVID թվային վկայագրին:

Ինչպես հաղորդում է eureporter-ը, արդյունքում երկու երկրները կմիանան ԵՄ համակարգին, և նրանց կողմից տրվող COVID վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչ Եվրամիության COVID թվային վկայագիրը: Միևնույն ժամանակ, երկու երկրները համաձայնել են ընդունել Եվրամիության COVID թվային վկայագիրը ԵՄ-ից իրենց երկրներ ուղևորությունների համար:

Եվրամիության արդարադատության հանձնակատար Դիդյե Ռեյնդերսի կարծիքով, ավելի անվտանգ ճանապարհորդությունը իրականություն է դարձել ԵՄ-ի COVID թվային վկայագրի շնորհիվ, որը ներկայում հանդիսանում է աշխարհի առաջատար չափանիշը:

«Չորս մայրցամաքների 45 երկրներ միացել են համակարգին, և առաջիկա շաբաթներին ու ամիսներին էլ նրանց քանակը կավելանա: Մենք բաց ենք այլ երկրների համար», – հայտնել է նա։

Այսօր ընդունված երկու որոշումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ին։ ԵՄ-ի COVID թվային վկայագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հատուկ կայքում:

***

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 27-ին կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 307 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,5 տոկոսը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: Կորոնավիրուսի հետևանքով 6 189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 280 է:

Հայաստաում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 785, երկրորդ դեղաչափ` 210 247։

Պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Հայաստանում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ անկախ երկրում գտնվելու ժամկետից:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 302 450 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 707 290 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 522 368 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 936 007 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 888 100 դեպքով:

Մեկնաբանել