Դավադրության տեսություններ կորոնավիրուսի մասին. «Շաբաթվա ֆեյքերը»

Սոցցանցերում այս օրերին շրջանառվում է մի գրառում, որի հեղինակը զգուշացնում է՝ «ոչ մեկը պատվաստում անցած հարս չի տանի, կամ հակառակը»։ Գրառման սկզբնաղյուրն այս պահին այլևս հասանելի չէ, և թեև շատերը այն տարածելիս ուղեկցում էին կատակներով և անգամ հեղինակի հասցեին վիրավորական գրառումներով, չպետք է մոռանանք, որ հասարակության լայն շերտերի մոտ մտահոգություններ կան պատվաստումների անվտանգության մասին, ինչը արտահայտվում է Հայաստանում պատվաստումների չափազանց ցածր թվերով։

Պատվաստանյութերի նկատմամբ նման կասկածամիտ վերաբերմունքի պատճառներից մեկը, թերևս, այն է, որ Հայաստանում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն են տարածում մի շարք նախկին և գործող բժիշկներ։ Media.am-ը օրերս անդրադարձել էր ապատեղեկատվություն տարածող բժիշկներից մի քանիսին։ Ուշագրավ է, որ նրանք բոլորն էլ վերջին շրջանում ազատվել են աշխատանքից կամ հեռացել են բժշկությունից, և չի բացառվում, որ կովիդի ու պատվաստանյութերի մասին նրանց պնդումները ավելի շուտ վարկանիշ հավաքելու նպատակ են հետապնդում։

Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից է՛լ ավելի անհասկանալի է, երբ կովիդի մասին ապատեղեկատվություն և դավադրությունների տեսություններ են տարածում ոչ մասնագետները, և այդօրինակ հրապարակումները տասնյակ հազարների հասնող լսարաններ են հավաքում սոցցանցերում։

Այդպիսի օրինակներից է «Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Սասուն Սարիբեկյանը, որը պնդում է, թե կորոնավիրուսը ոչ թե առողջապահական խնդիր է, այլ մարդկության վրա կենսաքիմիական հարձակման փորձ, որը «վաղուց է եղել նախատեսված՝ 1950-ական թվականներից», և դրա նպատակն է «մարդկության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանել»՝ օգտագործելով կենսաքիմիական և թվային միջոցներ։

Ուշագրավ է, որ Սարիբեկյանը, իր հարցազրույցներում և սոցցանցերում հեռարձակված այլ զրուցներում պարբերաբար ցուցադրում է A4 ֆորմատի թղթերի վրա տպագրված մի փաստաթուղթ և պնդում է, որ այն 50-ականն թվականների գաղտնի փաստաթուղթ է։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ռուսերեն թարգմանվել է ընդամենը 50 օրինակով և բաժանվել ԽՍՀՄ էլիտային։ Իհարկե, պարզ չէ, թե ինչպես է այդ գաղտնի փաստաթուղթը հայտնվել հենց իր՝ Սարիբեկյանի մոտ։ Եվ այդ փաստաթղթում, նրա խոսքով, նպատակ է դրվում մոլորակի բնակչության թիվը կրճատել 3 միլիարդով։

Սարիբեկյանը նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները այդ դավադրության տեսության մի մասնիկ են՝ գլոբալիստների կամակատարները։

Այստեղ գործ ունենք դավադրության տեսության հետ՝ իր դասական դրսևորմամբ։ Այլ կերպ ասած՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանվում է ինչ-որ գաղտնի, հզոր ուժերով, որոնք, իբր ունեցել են հեռահար նպատակներ, և որոնք ոչ հնարավոր է ապացուցել, ոչ՝ հերքել։ Իհարկե, այստեղ ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ են մարդիկ հակված հավատալ նման տեսություններին, չէ՞ որ դրանք հնարավոր չէ ապացուցել։

Բանն այն է, որ դավադրությունների տեսությունները նաև մարդուն օգնում են ազատվել պատասխանատվության ու մեղքի զգացումից, որովհետև հեշտությամբ կարելի է արդարանալ, ասել՝ դե մենք ի՞նչ կարող էինք անել, աշխարհի ինչ-որ հզորներ այդպես որոշեցին։

Այստեղ իրարկե, դեր ունի նաև երկրորդ բաղադրիչը՝ ճշմարտության ու ստի խառնուրդը ինֆորմացիայի տարափի հետ միասին պարարտ հող են ստեղծում դավադրությունների տեսության համար:

Կովիդի մասին մեկ այլ թարմ ապատեղեկատվություն էլ օրերս տարածել էր «ԱԳԼԱ լոյերս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Այս մասին ևս իմանում ենք Media.am-ից։ Medmedia.am-ի հետ զրույցում փաստաբանը պնդել էր, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Սունկ կայքերն ու ֆեյսբուքյան էջերն էլ իրենց հերթին լայնորեն տարածել էին տեղեկությունը:

Եվրոպական 11 երկիր իսկապես դադարեցրել էր AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, սակայն դա տեղի էր ունեցել 2021-ի մարտի 15-ին: Դադարեցնելու պատճառը պատվաստվածների շրջանում թրոմբի առաջացումն էր: 34 մլն պատվաստվածներից 222-ի մոտ ախտորոշվել էր տրոմբոզ։

Կարճ ժամանակ անց՝ մարտի 19-ին, մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բուլղարիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Լատվիան և այլ երկրներ փոխեցին AstraZeneca-ի օգտագործումը կասեցնելու որոշումը, քանի որ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց դրա անվտանգությունն ու արդյունավետությունը:

Այլ կերպ ասած՝ Սուսաննա Սարգսյանի պնդումը, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ժամանակավրեպ է։ Հայտարարությունն արվել է դեռևս մարտ ամիսն, որին հետևել են նոր հետազոտությունները պատվաստանյութի անվտանգության և էֆեկտիվության վերաբերյալ։ Այժմ այդ երկրները կիրառում են AstraZeneca-ն։

Մեկնաբանել