«Այն ամենը, ինչ շնչում է, պետք է ծնվի»․ աբորտներն ամբողջությամբ արգելելու Աբխազիայի փորձի մասին

Մարիաննա Կոտովա, OC Media

Աբխազիայում աբորտների արգելքը կրկին հայտնվել է լուրերի գլխագրերում այն բանից հետո, երբ մի կին պատմել է, որ իր ազգականին թույլ չեն տվել հղիությունն ընդհատել՝ չնայած բժշկական բարդություններին:

Հոկտեմբերի սկզբին Վիկտորյա Գուլարյան Ֆեյսբուքում հրապարակում է ազգականի պատմությունը, որին ստիպել էին հղիությունը շարունակել: Չնայած բժիշկները նրա բարեկամուհուն ասել էին, որ երեխան անպայման մեռնելու է, նա այդպես էլ չի կարողացել աբորտ անել։

Գինեկոլոգ և ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ Ասիդա Գուրգուլյան OC Media-ին ասել է, որ «այդպիսի երեխան պարզապես շանս չունի ապրելու»: «Իսկ մենք ստիպում ենք այդ կնոջը շարունակել հղիությունը»,- ասել է նա:

Աբխազիայում աբորտներն արգելվել են 2015-ի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով խթանել ծնելիությունը, ինչը լուրջ հարված էր կանանց իրավունքներին: Միակ բացառությունը պտղի նախածննդյան մահվան դեպքերն են։

Աբորտների արգելման մասին օրենքը նախաձեռնել է պատգամավոր Սայիդ Խարազիան, որն իր նախաձեռնությունը հիմնավորել է կրոնական նկատառումներով և այն փաստով, որ դա երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոց է:

«Այն ամենը, ինչ շնչում է, պետք է ծնվի»- ասում է Խարազիան՝ ի պատասխան օրենքում փոփոխություններ մտցնելու աբխազների վրդովված կոչերի՝ գոնե թույլ տալու բժշկական ցուցումներով աբորտները:

Սահմանադրության երկրորդ գլխի փոփոխությունն այն է, որ «պետությունը հավասարապես պաշտպանում է մոր և չծնված երեխայի կյանքը»։

2016-ի փետրվարին փոփոխություն կատարվեց այն ժամանակվա նախագահ Ռաուլ Խաջիմբայի ստորագրած Առողջապահության մասին օրենքում, որի՝ «մայրությունը խրախուսող» 40-րդ հոդվածն ասում է՝ «պետությունը ճանաչում է չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից և արգելում հղիության արհեստական ընդհատումը»:

Անհասկանալի է մնում, թե ինչ պատժամիջոցներ են սահմանվել ապօրինի աբորտ ստանալու համար։ Աբխազիայի գլխավոր դատախազության աղբյուրը OC Media-ին հայտնել է, որ հղիությունն ընդհատած կնոջը սպառնում է 3-7 տարվա ազատազրկում Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով ՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, և որ դա կարող է նույնիսկ որակվել որպես սպանություն:

Աղբյուրը հայտնել է նաև, որ աբորտ անող բժիշկը դատարանի առաջ կկանգնի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ ապօրինի աբորտ, որը պատժվում է տուգանքով 10 000 – 25 000 ռուբլի ($140–$350) կամ հասարակական աշխատանքներ մինչև երկու տարի ժամկետով:

«Պատգամավորները որքանո՞վ են հաշտ իրենք իրենց հետ»

Երկու երեխաների 31-ամյա մայր Վալերիան մեկն է Աբխազիայում բազմաթիվ այն կանանցից, որոնք զրկված են աբորտ անելու իրավունքից։

Նրա ավագ որդին ծնվել է Դաունի համախտանիշով։ Թեև նրա կրտսեր երեխան առողջ է, հղիության ընթացքում Վալերիան մի քանի թանկարժեք գենետիկական թեստեր է արել, որոնք ցույց են տվել երեխայի մոտ քրոմոսոմային անոմալիաների բարձր ռիսկը:

Վեց ամիս առաջ նա կրկին հղիացել է։ Առաջին էխոն կրկին ցույց է տվել Դաունի համախտանիշի բարձր ռիսկ, բայց նրան թույլ չեն տվել աբորտ անել:

Կանանցից շատերը, որոնք ցանկանում են ընդհատել հղիությունը, գնում են Ռուսաստան։ Քանի որ Վալերիան աբխազական անձնագիր չունի, նա ստիպված էր ամեն ինչ կազմակերպել Սուխումիում իր բժշկի միջոցով:

«Իմ գինեկոլոգը զանգահարեց իր դասարանցուն, որն աշխատում է Սոչիում, և նա ընդունեց ինձ։ Նա զննեց ինձ, ուղարկեց անալիզներ հանձնելու, ուլտրաձայնային սկան արեց և ինձ երկու հաբ տվեց, որոնք ես պետք է ընդունեի 12 ժամ ինտերվալով։ Նա բացատրեց այն ամենը, ինչ տեղի կունենա ինձ հետ»,- ասում է Վալերիան։

«Ոչ մի բարդություն չեղավ։ Սոչիի բժշկին վճարեցի 13 500 ռուբլի (190 դոլար) և 5000 ռուբլի (70 դոլար) էլ դրեցի Սուխումիի բժշկի գրպանը, թեև նա գումար չէր պահանջել: Բայց պետք էր նրան շնորհակալություն հայտնել»։

Վալերիան ասում է, որ չի զղջում հղիությունն ընդհատելու համար:

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում հիվանդ երեխա մեծացնելը, թե որքան նյարդեր, էներգիա և փող է պահանջվում դրա համար։ Ութ տարի շարունակ ես ամեն օր լաց էի լինում, երբ նայում էի իմ դստերը, որը երբեք չի դառնա հասարակության լիիրավ անդամ»։

«Ես երբեմն զղջում եմ, որ բերել եմ նրան, հետո ինձ հայհոյում եմ այդ մտքերի համար։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նման ճակատագիր չէի ցանկանա անգամ իմ թշնամուն, իսկ մեր պատգամավորները ցանկանում են։ Ես պարզապես չեմ հասկանում, թե որքանով են նրանք հաշտ իրենք իրենց հետ հակամարդկային այս օրենքին կողմ քվեարկելուց հետո»,- ասում է Վալերիան։

Ակտիվիստների ապարդյուն ջանքերը

Վիկտորյա Գուլյան, որն իր ազգականի պատմությունը ներկայացրել էր սոցիալական մեդիայում, ի վերջո ջնջել է գրառումը:

Աբխազիայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ասիդա Շաքրիլը հոկտեմբերի 7-ին ասուլիսում հայտարարել է, որ Ասիդան ստիպված է դա արել՝ սպառնալիքներ ստանալուց հետո:

Շաքրիլը չի նշել այն մարդու անունը, որից սպառնալիք է ստացել, բայց ակնարկել է, որ դա հեղինակավոր պաշտոնյա է եղել, և կոչ է արել կառավարությանը ուշադրություն դարձնել նման միջադեպերին:

Նա նաև պատմել է կնոջ մահվան մասին, որը Ռուսաստան է մեկնել աբորտ անելու համար: Շաքրիլի խոսքով՝ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով հիվանդը մահացել Է Աբխազիա վերադառնալու ճանապարհին:

Աբխազիայի պացիենտներին Սոչիում աբորտ անող մի բժիշկ OC Media-ին ասել է, որ հղիության ընդհատումների մեծ մասը բժշկական տեսանկյունից արդարացված է:

Աբորտների արգելքի սահմանման պահից Աբխազիայի կանանց ասոցիացիան սկսել է պայքարել դրա դեմ: Ասոցիացիայի նախագահ Նաթելլա Ակաբան բազմիցս հրապարակավ հանդես է եկել՝ օրենքը որակելով կանանց նկատմամբ խտրական։

Ասոցիացիան նախկինում բազմիցս դիմել է խորհրդարանին և այն ժամանակվա նախագահ Ռաուլ Խաջիմբային, սակայն դիմումները որևէ ուշադրություն չեն արժանացել ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանությունների կողմից:

Ակաբան ասում է, որ խնդիրը շատ առումներով բխում է այն փաստից, որ աբորտի մասին որոշումը կայացվել է հիմնականում տղամարդկանց կողմից՝ մի բան, որն ընդգծում է գենդերային հավասարակշռության բացակայությունը Աբխազիայի քաղաքական կյանքում:

Նա ասում է, որ տղամարդիկ որոշել են բարձրացնել ծնելիությունը և դա արել են «ինչպես կանեին տղամարդիկ»։

«Վերջին հինգ տարիների ընթացքում էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և ժողովրդագրական իրավիճակը […] գրեթե չի փոխվել,- ասում է Ակաբան:- Կանայք շարունակում են ընդհատել անցանկալի կամ վտանգավոր հղիությունը՝ գնալով հարևան երկրներ կամ անօրինական աբորտներ անելով Աբխազիայում»:

Արգելքի սահմանման ժամանակ ակտիվիստները հայտարարում էին, որ դա չի բարձրացնելու ծնելիությունը, որը նախկինի պես անշեղորեն նվազում է:

Աբխազիայի վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով՝ 2014-ին գրանցվել է 2004 ծնունդ, ինչը 2016-ին՝ արգելքի սահմանումից մեկ տարի անց, նվազել է մինչև 1768: Հաջորդ չորս տարիների ընթացքում այս միտումը պահպանվել է՝ տարեկան միջինը ընդամենը 1545 ծնունդ, իսկ վիճակագրական վերջին տարում՝ 2019-ին՝ ռեկորդային ցածր՝ 1274 ծնունդ:

«Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, աբորտների արգելքը չի նպաստում ծնելիության աճին,- ասում է նա:- Նման արգելքների ներդրմանը զուգահեռ ավելանում է անօրինական աբորտների թիվը, ինչը կարող է վնասակար ազդեցություն ունենալ կանանց առողջության վրա»:

Մեկնաբանել